14 հունվարի 2026 – 13:35 AMT
PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է գնդերեցների հանդեպ ճնշումների մասին լուրերին՝ նշելով, որ երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի, հայտնում է Panorama.am-ը:
Նշվել է, որ գնդերեցների հանդեպ ճնշումները լուրջ հարված են բանակին:
«Նման մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացվել են Մայր Աթոռում։ Երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի։ Կարծում ենք՝ բանակը պետք է զերծ մնար նման բռնաճնշումներից։ Բանակի հոգևոր առաջնորդության արդեն կայացած ինստիտուտի կարևորագույն առաքելություն է իրականացնում մեր Զինված ուժերում, գնդերեցները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցում։
Իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողությունների մեջ գնդերեցների ներքաշումը և կիրառվող հարկադրանքները վտանգում են այս ինստիտուտի առաքելությունը, ինչը լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին»,-ասել են Մայր Աթոռից:
Հայր Հովհաննես Թորգոմյանն ավելի վաղ ահազանգել էր, որ ՀՀ Զինված ուժերում ծառայող գնդերեցներին տարբեր ձևերով և մեթոդներով «փորձում են ներքաշել այս ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ»: Այդ մասին նա գրել էր ֆեյսբուքյան իր էջում:
«Որպես նախկին գնդերեց, ով երկար տարիներ իր հոգևոր ծառայությունն է իրականացրել և Արցախում և Հայաստանում, կոչ եմ անում բոլոր այն սպաներին, որոնց մեջ դեռ մնացել է Հայ Քրիստոնեայի նվիրական կերպարը.
Սաստե՛ք ձեր ծառայակից մյուս զինվորականներին, ովքեր փորձում են տիրադավերից ավելի տիրադավ և եկեղեցադավ լինել: Դուք լավ գիտեք, թե ինչ մեծ դեր ու նշանակություն ունի գնդերեցը զինվորի կյանքում: Բազմիցս վկայել եք, որ շատ դեպքեր բանակում կանխվել են անգամ հոգևորականի լուռ ներկայության շնորհով»,-գրել է նա:
Հարցին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` հույս հայտնելով, որ ՊՆ-ն կպարզաբանի, «թե ինչով է ընդհանրապես զբաղված, թեև շատ բան արդեն պարզ է»:
«Այն, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողներն իրենց ղեկավարի ցուցումով ներգրաված են ուրացման քաղաքականության պրոցեսում ու իրենց խոսքով և գործունեությամբ դա դրսևորում են, տեսանելի է, սակայն մեկ այլ սպառնալիք է` զինվորականներին դրանում ներքաշելը:
Հուսով եմ` մանրամասները դեռ կիմանանք, իսկ ՊՆ-ն կպարզաբանի, թե ինչով է ընդհանրապես զբաղված: Թեև շատ բան արդեն պարզ է:
Չեմ կարծում, թե այսպիսի թշնամական գործընթացում մեծ թվով զինվորականներ կներքաշվեն, որովհետև նրանք լավ գիտեն ԶՈւ-ում հոգևոր ծառայության կարևոր դերն ու նշանակությունը, սակայն իշխանական կեղծ պատարագներին որոշ զինվորականների ներգրավածությունն արդեն վատ նախադեպ և բացասական սպասում է առաջացնում»,-գրել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։
Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․բարենորոգման օրակարգի հանրահռչակում․ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։