Միրզոյան․ Ամերիկյան ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP-ի զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով

Միրզոյան․ Ամերիկյան ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP-ի զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով

14 հունվարի 2026 – 11:46 AMT

PanARMENIAN.Net – ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Վաշինգտոնում հաստատված TRIPP-ի զարգացման ծրագրին, ասել է, որ ամերիկյան ընկերության մասնակցությունն ամրագրվել է 49 տարվա նախնական ժամկետով, իսկ Հայաստանի մասնակցությունը՝ 26 տոկոսի չափով։

«Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկելու է TRIPP զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմասը՝ իրեն պահելով 26 տոկոս բաժնեմասը: Ակնկալվում է, որ այս համագործակցութունը կերկարաձգվի ևս 50 տարով, այսինքն՝ եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա, ինչպես բոլոր պայմանագրերում այսպիսի դրույթ նախատեսվում է, և եթե կողմերը բավարարված են համագործակցությունից, ուզում են շարունել, շարունակում են, եթե՝ ոչ, և կողմերից որևէ մեկն առարկում է, չի շարունակվում»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

Ըստ նրա՝ ակնկալվում է, որ այս համագործակցությունը 49 տարին լրանալուց հետո կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի Կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49 տոկոս:

Ըստ այդմ, Միրզոյանի պարզաբանման համաձայն, առաջին 49 տարում ԱՄՆ-ն կունենա 74 տոկոս բաժնեմաս, ՀՀ-ն՝ 26, և եթե կողմերից որևէ մեկը չառարկի երկարաձգելուն, համաձայնությունը կերկարաձգվի ևս 50 տարով:

«Եվ ահա այս երկրորդ շրջանում 50-րդ տարուց մինչև 99-րդ տարի արդեն ՀՀ բաժնեմասը 26 տոկոսից կբարձանա 49 տոկոսի»,- ասել է նախարարը:

Միրզոյանը ընդգծել է, որ TRIPP ծրագրի շրջանակում չի նախատեսվում որևէ ենթակառուցվածք, տարածք կամ շինություն, որտեղ կարող է սահմանափակվել ՀՀ ինքնիշխանությունը կամ իրավազորությունը, հայտնում է Radar Armenia-ն:

«TRIPP զարգացման ընկերությունը կունենա բաժնեմասերի ամերիկյան վերահսկիչ փաթեթ, և այնուամենայնիվ, կլինեն որոշ սկզբունքային հարցեր, որտտեղ ՀՀ-ն չունենալով վերահսկիչ փաթեթ, կունենա իր վերահսկողությունը, այսինքն՝ կլինեն հարցեր, որտեղ անկախ բաժնեմասերի չափից, առանց ՀՀ համաձայնության, ոչինչ տեղի ունենալ չի կարող»,- ասել է նա։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

Leave a Comment