14 հունվարի 2026 – 10:53 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ոչ թե պարզապես ստորագրել փաստաթուղթ, այլ շարունակել համատեղ աշխատանքը TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ ծրագիրը երկու երկրների համագործակցության հիանալի օրինակ է։
«Այն բացում է Հայաստանը բիզնեսի համար, թույլ է տալիս տնտեսապես բարգավաճել և որևէ կերպ չի ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը։ Սա համագործակցության հիանալի օրինակ է։ Եվ սա նաև շարունակական միջոց է՝ կառուցելու մեր երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև, որոնք շատ ամուր են և շարունակվում են ամրապնդվել այս համաձայնագրերի միջոցով՝ եռակողմ պայմանավորվածությունից դուրս»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:
Ըստ նրա՝ եռակողմ պայմանավորվածությունն իսկապես դառնալու է օրինակ աշխարհի համար, թե ինչպես կարելի է բացվել տնտեսական գործունեության և բարգավաճման համար՝ որևէ կերպ կասկածի տակ չդնելով կամ չխաթարելով ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Վստահ ենք, որ դա հիանալի է լինելու Հայաստանի համար, հիանալի է լինելու Միացյալ Նահանգների համար, հիանալի է լինելու բոլոր ներգրավված կողմերի համար, բայց ի վերջո՝ ծառայելու է որպես օրինակ աշխարհի համար։ Մենք հանձնառու ենք և այսօր կարևոր քայլեր ենք ձեռնարկում՝ այս ուղղությամբ առաջ շարժվելու համար»,-նշել է նա։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` ԹՐԻՓՓ ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
ԹՐԻՓՓ-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։