«Քրեակատարողական ծառայության բուժանձնակազմը պարտավոր է շարունակական վերահսկողություն իրականացնել արդեն 5 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջության նկատմամբ». Մելոյան

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն արդեն 5 օր է՝ հացադուլի մեջ է։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանն այս կապակացությամբ գրել է.

«Արդեն հինգ օր քաղաքական բանտարկյալ, երկու անչափահաս երեխաների հայր Նարեկ Սամսոնյանը   գտնվում է հացադուլի մեջ։

Հացադուլն ուղղված է ուշադրություն հրավիրելու Հայաստանում քաղաքականապես մոտիվացված հետապնդումների և դրանցում կալանքի՝ որպես միակ խափանման միջոցի կիրառման ֆետիշացման վրա։

Նարեկի արարքը միանշանակ քաջ և անձնազոհ գործողություն է, որը նպատակ ունի բարձրաձայնելու Հայաստանում քաղաքական իշխանության՝  ընդդիմախոսների նկատմամբ կիրառվող անձնական ազատության և խոսքի ազատության կոպտագույն խախտումները։

Այս փուլում քրեակատարողական ծառայության բժշկական անձնակազմը պարտավոր է շարունակական վերահսկողություն իրականացնել Սամսոնյանի առողջության նկատմամբ՝ վաղաժամ հայտնաբերելու սննդազրկության, ջրազրկման կամ օրգանների աշխատանքի խանգարման հնարավոր ախտանշանները։

Կոչ եմ անում Նարեկին ականջալուր լինել իր հարազատների հորդորներին և դադարեցնել հացադուլը՝ կանխելու սեփական առողջությանը հասցվելիք վնասը»։

Leave a Comment