Facebook–ում ներկայանալով կեղծ էջերով՝ հափշտակել են 686 հզր դրամ և կատարել ավելի քան 10 մլն դրամի փողերի լվացում

Facebook–ում կեղծ էջեր են բացել ու կատարել ավելի քան 10 մլն  դրամի փողերի լվացում

Facebook–ում ներկայանալով կեղծ էջերով՝ հափշտակել են 686 հզր դրամ և կատարել ավելի քան 10 մլն  դրամի փողերի լվացում


ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մի խումբ անձինք Facebook-ում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ մի շարք անձանցից հափշտակել են խոշոր չափերով գումարներ, կատարել փողերի լվացում։


2021 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում Վ․Ս․-ն և Դ․Գ․-ն «Ֆեյսբուք»-ում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայացել են այդ անձանց ընկերներին և բարեկամներին և տարբեր պատրվակներով գումարներ պահանջել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ 


Արդյունքում, Վ․Ս․-ն և Դ․Գ․-ն հափշտակել են իրենց կողմից նախապես ստեղծված էլեկտրոնային դրամապանակներին ու բանկային քարտերին ստացված՝ ընդհանուր 686 հզր 320 ՀՀ դրամը։ 


Բացի այդ, 2021 թվականից 2023 թվականն ընկած ժամանակաշրջանում, Վ․Ս․-ն և Դ․Գ․-ն նախնական համաձայնության գալով առանձնապես խոշոր չափերով գույքի ձեռքբերման աղբյուրը խեղաթյուրելու, այդ գույքին օրինական տեսք հաղորդելու և իրենց կատարած հափշտակությունների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու շուրջ, կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 10 մլն 542 հզր 500 ՀՀ դրամի փողերի լվացում: 


Վ․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խոշոր չափերով խարդախությունը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։


Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Leave a Comment