Պապիկյանը՝ սպառազինման մասին․ Չեմ պատրաստվում Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել

Պապիկյանը՝ սպառազինման մասին․ Չեմ պատրաստվում Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել

13 հունվարի 2026 – 15:02 AMT

PanARMENIAN.Net – Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասուլիսում, անդրադառնալով սպառազինության գնման մասին հարցին, ասել է, որ չի պատրաստվում որևէ երկրի, այդ թվում՝ նաև Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել:

«Սա մեր կառավարության դիրքորոշումն է։ Բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ ՀՀ-ն դադարեցնում է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումը, բանակի արդիականացումը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Պապիկյանը հիշեցրել է, որ արդեն հայտնել է «խոսուն թվերի մասին, որը դրա վառ վկայությունն է»։

«Ինչ վերաբերում է պլաններին, ապա պլաններ «Ա», «Բ», «Գ» զինված ուժերը միշտ ունենում են, բայց չեմ կարծում, որ մեր այսօրվա քաղաքականության և իրականության մեջ կա ինչ որ դիսոնանս, որպեսզի մենք պլաններ «Ա» կամ «Բ» դիտարկենք, կամ քննարկենք։ Կարծում եմ, որ ամեն ինչ կգնա այնպես, ինպես մեք կանխատեսում ենք»,-ասել է Պապիկյանը:

Նախարարը շեշտել է, որ ժամկետային զինծառայության կրճատումը որևէ կերպ չի նշանակում բանակի քանակական կրճատում։

«Ժամկետային զինծառայության կրճատումը չի նշանակում, որ մենք կրճատում ենք բանակը։ Ես ասացի, որ բանակի համալրումը շարունակվել է պայմանագրային սկզբունքով», – ընդգծել է նա։

Պապիկյանը պարզաբանել է, որ այս մոտեցմամբ զինված ուժերը հետևողականորեն վերափոխվում են՝ դառնալով ավելի պրոֆեսիոնալ կառույց։ Նա հավելել է, որ շինարարությունը (սահմանին) շարունակվելու է:

Անդրադառնալով Ադրբեջանի զինուժի ներկայությանը ՀՀ տարածքում՝ Պապիկյանն ընդգծել է, որ այս հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շրջանակում, հայտնում է «Ազատությունը»:

Նրա ներկայացմամբ՝ 2025 թվականին պաշտպանության ծախսերը կազմել են 664 միլիարդ դրամ կամ մոտ 1 մլրդ 741 մլն դոլար։ Պապիկյանը հիշեցրել է, որ 2018-ի համեմատ այս ոլորտի բյուջեն ավելացել է մոտ 1․1 միլիարդ դոլարով։

2026-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ռազմական ծախսերի կրճատում՝ ավելի քան 15 տոկոսով, ինչը նախկինում քննադատվել էր ընդդիմության կողմից։ Նրանք պնդել էին, թե այս որոշման հիմքում ադրբեջանական կողմի պահանջն է։ Մինչդեռ, ըստ Պապիկյանի, այդ նվազեցումը չի նշանակում պաշտպանունակության թուլացում։

Նախարարը ներկայացրել է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրում նախատեսվող փոփոխությունները։ Գործող մոդելով՝ զինծառայողները կնքում են հինգ տարվա պայմանագիր, որի ավարտին ստանում են 5 միլիոն դրամ։ Այժմ ծրագիրն առաջարկվում է ընդլայնել․ զինծառայողը կարող է կնքել նաև հավելյալ 2 կամ 5 տարվա պայմանագիր։

«Պայմանագիրն ավելացնում ենք ևս 2 և 5 տարով, որի արդյունքում՝ 1.5 մլն դրամ կտրվի 2 տարվա համար, իսկ 5 տարի ծառայելու պարագայում՝ ևս 5 մլն դրամ, այսինքն՝ 10 տարվա ընթացքում, 10 մլն դրամ պատվովճար», – նշել է Պապիկյանը։

Բանակի՝ ներքաղաքական գործընթացներին հնարավոր ներգրավվածության մասին հարցին ի պատասխան՝ Պապիկյանը հայտարարել է, որ զինված ուժերը քաղաքականության մեջ ներգրավվելու իրավունք չունեն։

Անդրադարձ է եղել հունվարի 6-ին վարչապետի գլխավորած ուխտերթին մասնակցած զինվորական Կարեն Շաքարյանի թեմային։

«Ոչ աշխատանքային օրը ոչ քաղաքական միջոցառման մարդու մասնակցելու ցանկությունն է», – այսպես է մեկնաբանել Պապիկյանը։

Նա նաև արձագանքել է հրապարակումներին, թե Արցախի նախագահի պաշտոնակատարի որոշմամբ Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից՝ նշելով, որ ինքը նման ինստիտուտի չի ճանաչում:

Ինչ վերաբերում է իր մասնակցությանը՝ Պապիկյանը շեշտել է, որ իր ներկայությունը պայմանավորված է եղել քաղաքացի լինելու հանգամանքով, ինչպես նաև՝ որպես «Քաղաքացիական պայմանագրի» անդամ և պաշտպանության նախարար։

«Նաև քաղաքական գործիչ եմ, ուսադիրներ չեմ կրում, զինվորական չեմ», – նշել է նախարարը։

Պապիկյանն, անդրադառնալով բանակում մահվան դեպքերին, հայտարարել է, որ 2025-ին մահացության թվերը 2024-ի համեմատ պակասել են 40%-ով:

Leave a Comment