13 հունվարի 2026 – 15:09 AMT
PanARMENIAN.Net – Սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ 2026-ի հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում շարունակում է պահպանվել հիվանդացության ցածր ակտիվությունը։ Հիմնական թիրախում շարունակում են մնալ 0-18 տարեկան երեխաները։ Այդ մասին ասել է առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը:
Նա հայտնել է, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումների թիվը նախորդ շաբաթվա համեմատ կրճատվել է մեկից երեք անգամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է կրկնակի։ Ներկայացված տվյալներով՝ գրանցված դեպքերի 92․8 տոկոսը բաժին է ընկել 0-18 տարեկանների խմբին, հայտնում է Արմենպրեսը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ միայն հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում թոքաբորբով պայմանավորված հոսպիտալացվել է 334 բուժառու։
Մասնագետի խոսքով՝ այս պահին տարածված են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակի վիրուսները։ Համաճարակաբանական վերլուծությունները ցույց են տվել, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Սակայն, ինչպես նշում է մասնագետը, սա չի վկայում վիրուսի բացակայության մասին։
«Նախորդ շաբաթների ընթացքում ունեցել ենք նաև այլ հարուցիչների շրջանառություն․ նախորդ շաբաթվա ընթացքում, գրիպի H3N2 ենթատեսակից բացի, շրջանառվել են նաև ռինովիրուսը և ադենովիրուսը», – նշել է Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ախտանշաններին, ապա մասնագետները մատնանշում են, որ սուր շնչառական վարակների դեպքում դրանք մեծապես նման են միմյանց՝ ներառյալ ընդհանուր տկարություն, մրսածության արտահայտություններ, քթի հոսք, հազ, փռշտոց և բարձր ջերմություն։
ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը շեշտել է, որ միայն կլինիկական ախտանշաններով հնարավոր չէ պարզել՝ գործ ունեն գրիպի վիրուսի, թե այլ շնչառական վարակի հետ՝ օրինակ՝ ադենովիրուսի, ռինովիրուսի կամ բոկավիրուսի։
«Այստեղ շատ կարևոր է լաբորատոր հետազոտությունների իրականացումը։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, այս սեզոնին գերակշռում է գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը։ Սա նշանակում է, որ հենց պատվաստումներով է հնարավոր կանխարգելել գրիպի ծանր ձևերի առաջացումը, քանի որ պատվաստանյութի բաղադրության մեջ առկա է նաև այս ենթատեսակը։ Գրիպի քառավալենտ պատվաստանյութն իր բաղադրության մեջ ունի երկու A ենթատեսակ՝ H3N2-ը և H1N1-ը, ինչպես նաև երկու B ենթատեսակ։ Պատվաստվելով հնարավոր է կանխել այս սեզոնին առավել հաճախ շրջանառվող հիվանդության առաջացումը», – նշել է իմունականխարգելման վարչության ղեկավարը։
Սվետլանա Գրիգորյանը նաև վերահաստատել է, որ սուր շնչառական վարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հանրապետությունում հասանելի է եղել դեռևս սեպտեմբերից՝ սեզոնի մեկնարկից ի վեր։
Նա ընդգծել է, որ պատվաստումը հատկապես կարևոր նշանակություն ունի ռիսկային խմբերի համար՝ ներառյալ վեց ամսականից հինգ տարեկան երեխաները, հղի կանայք, ուղեկցող հիվանդություններ ունեցող քաղաքացիները, 65 տարեկանից բարձր անձինք, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների շահառուներն ու աշխատակիցները, ինչպես նաև զինծառայողները։