ԱՄՆ-ի կողմից հնարավոր նոր մաքսային ռեժիմը՝ 25 տոկոս մաքսատուրքի սահմանումը, կարող է ընդգրկել նաև Հայաստանը, քանի որ Հայաստանն Իրանի հետ ուղիղ առևտրատնտեսական կապեր ունի, սակայն որոշումը դեռևս միայն հայտարարության մակարդակում է, վերջնական իրավական կարգավորում չկա: Վերջնական որոշման դեպքում անգամ այն էական ազդեցություն չի ունենա Հայաստանի տնտեսության վրա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու մասին վերջին հայտարարությունը:
Անդրադառնալով Թրամփի պաշտոնավորման ընթացքում Միացյալ Նահանգների մաքսային քաղաքականությանը՝ Կարապետյանը նկատեց. «Իր որոշումների վերաբերյալ ոչինչ հստակ չէ, քանի դեռ վերջնական իրավական կարգավորումների տեսք չի ստացել: Անցյալ տարվա ընթացքում մենք բազմիցս տեսանք այդ երևույթը, երբ Թրամփի վարչակազմը հայտարարում էր որոշակի մաքսատուրքերի մակարդակ, որը հետո փոխվում էր, սառեցվում, վերաբանակցվում էր: Նախևառաջ պետք է ֆիքսել՝ քանի դեռ վերջնական կիրարկման փուլ չի հասել, բնականաբար, դա վերջնական չէ»:
Փորձագետը նշեց՝ Հայաստանն Իրանի հետ ուղիղ առևտրատնտեսական կապեր ունեցող երկիր է: Ընդ որում, Իրանի հետ առևտուրը Հայաստանի համար փոխշահավետ տնտեսական համագործակցություն է:
«Այս տեսանկյունից հնարավոր նոր մաքսային ռեժիմները կարող են Հայաստանն ընդգրկել»,-ասաց տնտեսագետը:
Սակայն նա կրկնեց՝ սա դեռ վերջնական որոշում չէ: «Դա հայտարարություն է: Մաքսային ռեժիմները պետք է հրապարակվեն ԱՄՆ համապատասխան ինստիտուտների կողմից և համապատասխան իրավական կարգավորումների տեսք ստանան՝ հաշվի առնելով անցյալ տարվա ընթացքում ձևավորված փորձը՝ մաքսատուրքերի բավականին հաճախ փոփոխության հայտարարությունների վերաբերյալ»,-հավելեց նա:
Տնտեսագետը հիշեց՝ ապրիլի սկզբին ԱՄՆ-ն հրապարակեց առնվազն 10 տոկոս բազային մաքսատուրք և մինչև 50 տոկոս մաքսատուրքեր երկրների մեծ մասի համար, 50 տոկոսից ավելի մաքսատուրքեր՝ Չինաստանի համար: «Սակայն այդ պրոցեսը բավականին շատ ջուր ծեծեց, մինչև վերջնական տեսք ստացավ: Ամիսների պրոցես տեղի ունեցավ, թեև այդ պահին հայտարարվում էր, որ դա վերջնական որոշում է: Դրա համար առկա է որոշակի կասկածամտություն»,-նշեց նա:
Անդրադառնալով հարցին՝ եթե, այնուամենայնիվ, վերջնական որոշումը կայացվի, ի՞նչ ազդեցություն կունենա դա Հայաստան-ԱՄՆ առևտրատնտեսական հարաբերությունների վրա՝ Կարապետյանը նկատեց, որ Միացյալ Նահանգները բարձրացնում է իր էֆեկտիվ մաքսային դրույքաչափը բոլոր երկրների նկատմամբ: «Երբ որոշումը լինի մի երկրի նկատմամբ, դա կփոխի կառուցվածքը, այսինքն՝ մյուս երկրներից էժան ներմուծումները դուրս կմղեն տվյալ երկրին: Բայց, երբ մաքսատուրքը բարձանում է բոլոր երկրների համար, այսինքն՝ բարձրանում է միջին կշռված մաքսատուրքը, բնականաբար, էական ռիսկեր չի կարող առաջացնել մեկ երկրի ներմուծման համար»,-նշեց փորձագետը:
Նա նկատեց՝ Հայաստանից ԱՄՆ արտահանումը շատ փոքր է և անհամամասնական է ներմուծման հետ: Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծում է 300 մլն դոլարից ավելի ապրանքներ, իսկ արտահանումը 50-60 մլն դոլարի շրջանակներում է: Այսինքն՝ արտահանումը ներմուծման համեմատ խիստ սահմանափակ է:
«Հենց այս անհամամասնությունն էր պատճառը, որ ապրիլին հայտարարված մաքսատուրքերի շրջանակներում ընդամենը խոսք էր գնում Հայաստանի նկատմամբ 10 տոկոս մաքսատուրքեր կիրառելու մասին»,-ասաց փորձագետը:
Կարապետյանը կարծում է, որ 25 տոկոսի մաքսատուրքի սահմանումը Հայաստանի տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա:
«Տնտեսության վրա ընդհանուր առմամբ, իհարկե, չի ունենա: Առանձին արտահանման ապրանքների դեպքում, գուցե, որոշակի ազդեցություն ունենա»,-նկատեց նա:
Փորձագետը կարծում է՝ հարցը պետք է դիտարկել հեռանկարի տեսանկյունից.
«ԱՄՆ-ն ամենահեռանկարային շուկաներից մեկը պետք է լինի Հայաստանի համար: Իհարկե, այն ունի իր բարդությունները, հեռավորությունը, ստանդարտները և այլն, բայց հաշվի առնելով այնտեղ մեծ հայկական սփյուռքի առկայությունը, տնտեսության մեծ ծավալն ու գնողունակությունը, աշխարհի խոշորագույն տնտեսություն լինելու փաստը, շատ կարևոր նշանակություն ունի որպես շուկա: Եվ այդ շուկայում հիմա մեծ փոփոխություններ են տեղի ունենում: ԱՄՆ-ն անվտանգային նպատակներով, տնտեսական անվտանգության, տնտեսության առանձին ոլորտների խթանման կամ որևէ այլ պատճառով մաքսատուրքերի ագրեսիվ քաղաքականություն է վարում, և դա, իհարկե, սպառնալիք է առանձին երկրների՝ առաջին հերթին՝ Չինաստանի ու Հարավարևելյան Ասիայի երկրներ համար, բայց նաև հնարավորություն է մյուս երկրների համար, որոնք ավելի բարենպաստ մաքսային ռեժիմներ են ստանում»,- եզրափակեց Կարապետյանը: