«Զգացի, որ տուն հասա». ինչո՞ւ հաջողակ ամերիկահայ շինարարը «քանդեց» իր կյանքը ԱՄՆ-ում և եկավ Հայաստան․ «Սփյուռքի ձայնը»

Հայրենադարձությունը լոկ բնակության վայրի փոփոխություն չէ. դա սեփական ինքնության վերագտնման և հայրենիքի շենացման գործում անձնական պատասխանատվություն ստանձնելու բարդ, բայց ոգեշնչող գործընթաց է: Ամերիկայում ծնված և մեծացած շինարար Շանթ Սողոմոնյանի պատմությունը հենց այդպիսին է՝ լի հայրենի հողի հետ կապն ամրապնդելու վճռականությամբ և մասնագիտական մեծ երազանքներով:

Կամավորությունը՝ որպես կամուրջ դեպի հայրենիք

Շանթի ճանապարհը դեպի Հայաստան սկսվեց զբոսաշրջային այցերից, սակայն շրջադարձային եղավ «Հայ կամավորների միության» (AVC) հետ համագործակցությունը: Հենց կամավորությունն էր այն «ֆիլտրը», որը թույլ տվեց նրան Հայաստանը տեսնել ոչ թե հյուրի, այլ տանտիրոջ աչքերով։ «Առաջ հյուր էի՝ երեք շաբաթով էի գալիս, բայց այս անգամ եկա կամավորական գործով ու զգացի, որ լավ գործ արեցինք»,— պատմում է Շանթը: AVC-ի շրջանակներում նա իր մասնագիտական հմտությունները ներդրեց ամենատարբեր նախագծերում՝ նորոգելով հատուկ կարիքներով երեխաների կենտրոններ, ջերմոցներ կառուցելով Արցախից տեղահանված ընտանիքների համար և աջակցելով մշակութային օջախների շենացմանը: Այս փորձառությունը Շանթին հնարավորություն տվեց անմիջականորեն մասնակցել երկրի խնդիրների լուծմանը և հասկանալ, որ իր տեղը հենց այստեղ է:

«Ես զգացի, որ տուն հասա»

Շատ հայրենադարձների համար Հայաստան գալն ուղեկցվում է ներքին մեծ հուզմունքով: Շանթի համար այդ պահը եղել է օդանավակայանից դուրս գալու առաջին վայրկյանը. «Առաջին անգամ, երբ օդանավից իջա և Հայաստանի օդը շնչեցի, զգացի, որ տուն հասա: Ամեն անգամ, երբ գալիս եմ, զգում եմ, որ օտար երկրից եմ գալիս ու տուն եմ հասնում»: Այս զգացողությունն այնքան զորեղ է եղել, որ նա որոշել է «քանդել» Ամերիկայում կայացած իր կյանքը՝ վաճառելով մեքենաներն ու գործիքները, որպեսզի նորը կառուցի հայրենիքում:

Մասնագիտական էթիկա և ապագայի տեսլականը

Լինելով փորձառու շինարար, ով աշխատել է նույնիսկ Անտարկտիդայում և Ալյասկայում, Շանթը Հայաստան է բերում ոչ միայն իր ձեռքերի շնորհքը, այլև աշխատանքի նկատմամբ արևմտյան մոտեցումն ու կարգապահությունը: Նրա ամենամեծ երազանքն է Հայաստանում հիմնել շինարարական դպրոց: «Արժեքն այն է, որ դպրոցում կարողանաս տեսնել, թե սխալն ինչ վնաս կարող է բերել: Պետք է լինի օրենք, որ շենքը չփլվի, մարդուն վնաս չտա: Իմ միտքը դպրոցն է. եթե սովորեցնենք 10 տոկոսին, տարիներ անց դա կդառնա 40 տոկոս»։ Շանթը նկատում է, որ Հայաստանում պակասում է աշխատանքից հետո տարածքը մաքուր թողնելու պատասխանատվության մշակույթը, և հենց այս կրթական նախաձեռնությամբ նա ցանկանում է փոխել ոլորտի դիմագիծը:

Վախը՝ որպես հաջողության խոչընդոտ

Հայրենադարձության ճանապարհին շատերին կանգնեցնում է անորոշության հանդեպ վախը: Շանթ Սողոմոնյանի բանաձևը պարզ է և վճռական. «Վախ պետք չէ ունենաս: Մի՛ վախեցիր, կհաջողես: Կապ չունի՝ մի կոպեկ ունես գրպանումդ, թե 100 միլիոն, եթե վախ ունեցար, 100 միլիոնն էլ քեզ չի օգնի»: Այսօր Շանթն արդեն դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար և սպասում է իր անձնագրին: Նա եկել է ոչ թե պարզապես ապրելու, այլ արարելու, սովորեցնելու և իր աղյուսը դնելու Հայաստանի հզորացման պատին: Նրա պատմությունը վառ ապացույցն է այն բանի, որ հայրենիքը սկսվում է այնտեղից, որտեղ դու պատրաստ ես ներդնել քո ողջ ներուժը՝ հանուն ընդհանուր ապագայի:

Leave a Comment