«Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» և «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ները կվերամիավորվեն․ վերակազմավորման արդյունքում հնարավորություն կընձեռնվի միևնույն հաստատությունում իրականացնելու տարբեր ծառայություններ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը, որով առաջարկվում է կատարել փոփոխություններ  ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1703-Ն և 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1878-Ն որոշումներում։  Նախագծով առաջարկվում է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու,  Գյումրու մասնաճյուղ ստեղծելու և վերանվանելու «Երեխայի շուրջօրյա խնամքի Շիրակի մարզի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործում է 10 պետական ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք իրականացնում են երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամք ու դաստիարակություն։ Նշյալ կազմակերպություններից 4-ն իրականացնում են երեխաների շուրջօրյա խնամք։ Այդ կազմակերպություններն են.

  • «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»,
  • «Գյումրու «Երեխաների տուն»,
  • «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն»
  • «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-նեը:

Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններն են՝

  • «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»,
  • «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն»,
  • «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»,
  • «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»,
  • «Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն»
  • «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ները:

Խնդիրները

Նշված յուրաքանչյուր դեպքում կազմակերպությունն իրականացնում է մեկ տեսակի գործառույթ, որը դժվարություններ է ստեղծում խնամքի կամ աջակցության այլ տեսակի ծառայության կարիք ունեցող երեխաներին կամ նրանց ընտանիքներին աջակցելու գործընթացում։ Միևնույն ժամանակ իրականացվում է միատեսակ ծառայությունների կարիք ունեցող երեխաների կենտրոնացում մեկ հաստատությունում, որը դեմ է ներառականությանը, ինչպես նաև խոչնդոտում է մասնագետների հավասարաչափ պրոֆեսիոնալիզմի ձևավորմանը։

Ի՞նչ է առաջարկում նախագիծը

Վերոգրյալով պայմանավորված, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը և ծառայությունների մատուցման բովանդակային առանձնահատկությունները, առաջարկվում է միավորել հետևյալ ՊՈԱԿ-ները՝ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» և «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Երկու իրավաբանական անձանց սպասարկումը պահանջում է առանձին հաշվետվողականության վարում և առաջացնում է լրացուցիչ ծախսեր՝ հատկապես հաշվապահական հաշվառման, վարչատնտեսական ապահովման, տեխնիկական աջակցության և կադրային համակարգման ուղղություններով։ Սա բերում է կրկնվող գործընթացների գոյացման և վարչական ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործման։

Նախագծով առաջարկվում է ներդնել կենտրոնացված կառավարման նոր մոդել, որի շրջանակներում նախատեսվում է երկու ՊՈԱԿ-ների վերակազմավորում՝ վարչական ռեսուրսների միավորման միջոցով։ Այս մոտեցումը թույլ կտա ապահովել կառավարման արդյունավետության բարձրացում, ռեսուրսների օպտիմալ բաշխում և միասնական կառավարման քաղաքականության իրականացում։

Կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպման արդյունքում կձևավորվի կենտրոնացված կառավարման միավորված համակարգ, որը կնպաստի վարչական և սպասարկող անձնակազմի գործառույթների օպտիմալացմանը, կառավարման և վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։ Վերակազմավորման արդյունքում հնարավոր կլինի կրճատել այն հաստիքները, որոնք իրականացնում են փոխկրկնվող կամ համընկնող գործառույթներ, ինչն էլ կնվազեցնի ընդհանուր վարչական ծախսերը և կզարգացնի կառավարման արդյունավետությունը։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Վերակազմավորման արդյունքում հնարավորություն կընձեռնվի միևնույն հաստատությունում իրականացնելու տարբեր ծառայություններ՝ այդ թվում մասնագիտացված և ընդհանուր խնամքի կարիք ունեցող երեխաների շուրջօրյա երկարաժամկետ և կարճաժամկետ խնամք, ցերեկային աջակցության ծառայություններ երեխաներին և ընտանիքներին։

Ներկայացված առաջարկը նպատակ ունի ապահովել․

  • վարչական կառավարման արդյունավետության բարձրացում,
  • ֆինանսական ռեսուրսների օպտիմալ օգտագործում,
  • կառավարման գործընթացների պարզեցումը և հաշվետվողականության բարձրացում,

Բյուջետային ազդեցություն

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարությունից:

Leave a Comment