Վաղը հանրության համար ելույթ է ունենալու նախագահ Մասուդ Փեզեշքիանը. «Իրանն այսօր»

«Իրանն այսօր» թելեգրամյան լրատվական ալիքն ամփոփել է Իրանի այս պահի իրավիճակը վերջին իրողությունների համատեքստում.

Ինտերնետը շարունակում է անջատված լինել։ Այդ պատճառով ինֆորմացիան կրկին քիչ է։ Կան ընդամենը մի քանի տեսանյութեր Թեհրանում ակցիաներից։

Իրանական գրեթե բոլոր կայքերը շարունակում են հասանելի չլինել։ Բացառություն է ԻՀՊԿ-ին պատկանող Tasnim-ի կայքը, որն այսօր գործել է։ Գործում են նաև ԻՀՊԿ-ին հարող մի քանի այլ թելեգրամյան ռեսուրսներ, ինչպես նաև պետական ռադիոհեռուստատեսության թելեգրամյան ալիքը։

(Ի դեպ, պետական ռադիոհեռուստատեսությունը ևս անմիջապես ենթարկվում է գերագույն առաջնորդին)։ Կառավարական IRNA-ն ևս հասանելի չէ։

Այսօր Թեհրանում է եղել Օմանի արտգործնախարարը։ Նրա այցի մասին հայտնի էր դարձել դեռ երեք օր առաջ։ Հաշվի առնելով նախկինում Օմանի միջնորդական դերակատարումը՝ չի բացառվում, որ նա ԱՄՆ-ից ուղերձ է փոխանցել։

Վաղը հանրության համար ելույթ է ունենալու նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Մինչև այդ այսօր՝ Օմանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը, նա հայտարարել է, որ «Իրանի ժողովուրդը նախկինից էլ ավելի ամուր կերպով կաջակցի իր երկրին և իր համակարգին»:

Իրանի բանակը ևս հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ «կպաշտպանի երկրի ազգային շահերը, ռազմավարական ենթակառուցվածքները, հանրային գույքն ու կպայքարի ցանկացած դավադրության դեմ»։

Երկրի գլխավոր դատախազն էլ հայտարարել է, որ ձերբակալված «խռովարարների» մեղադրանքը նույնն է լինելու՝ պետության դեմ գործողություններ, և ոչ մի ներում չի լինելու։

Leave a Comment