ԵՄ-ն 2026-2027 թվականներին Սիրիային 620 մլն եվրոյի օգնության փաթեթ կհատկացնի – Armenia Today

Եվրամիությունը մոտ 620 մլն եվրո կհատկացնի 2026-2027 թվականներին Սիրիային աջակցելու համար, հայտարարվել է Դամասկոսում Եվրահանձնաժողովի նախագահի Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահի Անտոնիու Կոշտայի այցի ժամանակ:

Միջոցները կուղղվեն մարդասիրական օգնության, վաղ վերականգնման և երկկողմ համագործակցության ծրագրերի իրագործմանը։ Նշվում է, որ պաշտոնյաները Դամասկոսում բանակցություններ են վարել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունների և երկարաժամկետ համագործակցության վերսկսումը:

Փոխգործակցության նոր փուլը կառուցվում է երեք հիմնական ուղղությամբ։ Առաջին ուղղությունը քաղաքական գործընկերությունն է, որը կոչված է աջակցելու խաղաղ և ներառական անցմանը, ազգային հաշտեցմանը և հասարակական ինստիտուտների վերականգնմանը: Երկրորդն առևտրատնտեսական կապերի ընդլայնումն է, այդ թվում՝ «Միջերկրածովյան դաշնագրի» շրջանակներում նախաձեռնություններին Սիրիայի մասնակցության և տնտեսության վերականգնման համար մասնավոր ներդրումների ներգրավման միջոցով:

Երրորդ ուղղությունը մոտավորապես 620 մլն եվրոյի աջակցության ֆինանսական փաթեթն է, որը ներառում է մարդասիրական ծրագրեր, օգնություն արագ վերականգնմանը և երկկողմ նախագծեր:

«Այսօր այստեղ ենք, որպեսզի աշխատենք Սիրիայի և բոլոր սիրիացիների համար՝ հանուն նոր խաղաղ, ներառական և անվտանգ Սիրիայի»,- հայտարարել է Լայենը՝ նշելով, որ հաշտեցման և վերականգնման ճանապարհը մնում է բարդ, ժամանակ է պահանջում բարեփոխումներ իրականացնելու և ինստիտուտների նկատմամբ վստահության ամրապնդման համար:

ԵՄ-ում ընդգծել են, որ 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ասադի ռեժիմի անկումը հնարավորություններ է բացել «նոր Սիրիայի» և Բրյուսելի հետ հարաբերությունների վերագործարկման համար։ Միությունը վերահաստատել է Սիրիայի ժողովրդին և սիրիական անցումային գործընթացին աջակցելու հանձնառությունը:

2011 թվականից ի վեր ԵՄ-ի ընդհանուր քաղաքական և ֆինանսական օգնությունը Սիրիային և տարածաշրջանի երկրներին գերազանցել է 38 մլրդ եվրոն: 2025 թվականին ԵՄ-ն չեղարկել էր Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները և անցումային իշխանությունների հետ համատեղ Դամասկոսում անցկացրել երկխոսության օր՝ քաղաքացիական հասարակության ավելի քան 300 ներկայացուցիչների մասնակցությամբ: Բրյուսելը նաև շարունակում է ֆինանսավորել սիրիացի փախստականներին և հարևան երկրներում նրանց հյուրընկալող համայնքներին օգնելու ծրագրերը:

Leave a Comment