Մեդիափորձագետ․ TikTok–ի հետ կապված խնդիրներն ամբողջ աշխարհում սկսվել են անցած տարվանից

Մեդիափորձագետ․ TikTok–ի հետ կապված խնդիրներն ամբողջ աշխարհում սկսվել են անցած տարվանից

10 հունվարի 2026 – 13:58 AMT

PanARMENIAN.Net – TikTok սոցիալական հարթակում տասնյակ օգտահաշիվների խափանումներն ու արգելափակումները նոր երևույթ չեն, այլ իրենց մեկնարկը ստացել են դեռ նախորդ տարվա դեկտեմբերից։ Այդ մասին ասել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը՝ ընդգծելով, որ հարթակն այժմ Հայաստանի նկատմամբ կիրառում է այն նույն մեխանիզմները, որոնք արդեն գործում են Եվրոպայում և ԱՄՆ-ում, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա գնահատմամբ՝ այս գործընթացի հիմնական շարժիչ ուժը Եվրամիության ճնշումն է։

«Անցած տարի Եվրամիությունում գործարկվեցին թվային ծառայությունների մասին նոր կանոնները (DSA), որոնք պարտադրում են խոշոր հարթակներին՝ TikTok–ին, YouTube–ին, Meta–ին և մյուսներին, աշխատել որոշակի խաղի կանոններով, ապահովել թափանցիկություն, տեղեկատվություն տրամադրել լսարանի մասին և կատարել մի շարք այլ պահանջներ։ Ընդհանրապես փոփոխությունները վերաբերում են բոլոր հարթակներին, որոնք ԵՄ–ում ունեն ավելի քան 41– 42 միլիոն օգտատերեր, որոնք մեծ հարթակ ունեն և կարգավորվում են թվային ծառայությունների մասին օրենքով»,– շարունակել է մեդիափորձագետը։

Պապյանը նշել է, որ նման խոշոր տեխնոլոգիական ընկերությունները բոլոր երկրներում գործում են նույն սկզբունքով, անկախ այն հանգամանքից՝ տվյալ երկիրն ունի ԵՄ օրենսդրության նման պահանջներ, թե ոչ։ Նրա դիտարկմամբ՝ այս մոտեցումը տարածվել է նաև Հայաստանի մեդիադաշտում գործող, պետական վերահսկողության ենթակա ԶԼՄ-ների սոցիալական հարթակների վրա։

«Բացի այդ, նաև նույն եվրոպական շուկայի հետ պարտադրանքներով պայմանավորված կա որոշակի ռուսաֆոբիա։ Այսինքն ցանկացած ռուսաստանյան ալիքի հետ կապված ինչ–որ հիվանդագին դրևորումներ են լինում»,– ընդգծել է Պապյանը։

Փորձագետը բացատրել է, որ ամենակարևոր պահանջներից մեկն այն է, որ հարթակն ապահովի թափանցիկություն՝ կապված հաշիվների պատկանելության, ֆինանսավորման աղբյուրների ու հասցեների հրապարակման հետ։

«Պետք է հստակ նշված լինի պատկանելությունը, հասցեն, ֆինանսավորման աղբյուրները։ Այս պարտավորությունն առաջին հերթին հենց TikTok–ինն է։ Եթե հարթակը հայտնաբերում է, օրինակ, կոորդինացված ոչ իրական վարքագիծ, երբ խմբով տարածվում է նույն բովանդակությունը կամ շահարկվում է որևէ թեմա, այն փորձում է հակազդել հարթակի տեղեկատվական «մաքրությունը» և պաշտպանվածությունը ապահովելու համար։ Այսինքն, երբ նկատվում է նույն կոնտենտի համաժամանակյա կամ համակարգված տարածում, դա ընկալվում է որպես կոորդինացված ոչ լեգիտիմ վարքագիծ, ինչի հետևանքով տասնյակ հաշիվներ կարող են փակվել կամ սահմանափակվել»,– ավելացրել է նա։

Նման իրավիճակներում մեդիափորձագետը բոլոր արգելափակված օգտատերերին խորհուրդ է տվել օգտագործել TikTok-ի առաջարկած բողոքարկման գործիքները՝ փորձելով հասնել արդար լուծման։

«Գրեթե միշտ արգելափակման մասին ծանուցման մեջ նշվում է բողոքարկման հղումը։ Անպայման պետք է հայտնել անհամաձայնությունը և փորձել պաշտպանել սեփական տեսակետը։ Սա ներկայում միակ խելամիտ ճանապարհն է։ Միշտ պետք է պայքարել, թեպետ TikTok–ը հիմնականում նամակների չարձագանքող հարթակ է, իսկ Հայաստանը չունի տարածաշրջանային ներկայացուցչություն, և TikTok–ը խուսափում է ուղիղ կապից»,– նշել է փորձագետը։

Արթուր Պապյանն ինֆլյուենսերներին հորդորել է ունենալ միաժամանակ մի քանի պահուստային ալիքներ տարբեր հարթակներում՝ որպեսզի խափանումների դեպքում կարողանան պահել կապն իրենց լսարանի հետ։

Leave a Comment