Շուրջ մեկ տոննա կոկաինի շուրջ քրեական գործով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից բացի ևս մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ հետախուզվողը «Մրգենի» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Բադալյանն է։ Քրեական գործն արդեն դատարանում է և մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Գնել Գասպարյանին:
2023 թվականի մայիսի 17-ին ԱԱԾ-ն բացահայտել էր Էկվադորից մեկ տոննա կոկաինի մաքսանենգության սխեմա: Խոսքը 250 մլն եվրո արժողությամբ կոկաինի մասին է։ «Հայկական միրգ ներկրող ընկերության կողմից պատվիրված թմրամիջոցների բեռը երկիր է ժամանել Էկվադորից՝ տարանցիկ ճանապարհով Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով»,- մանրամասնել էր գերատեսչությունը։
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանել էր թմրանյութ տեղափոխելու դեպքը՝ հայտարարելով, որ «կոկաինի ներկրման հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, եթե չեմ սխալվում, Հանրապետական կուսակցության անդամ» է։
Գլխավոր դատախազությունը Պողոսյանից պահանջել էր 10 մլրդ դրամի գույք ու դրամական միջոց, 7 ընկերությունում մասնակցություններ։ Պողոսյանն անցնում է քրեական գործով՝ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեջ: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
