ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբյան ծովում առգրավել են Olina լցանավը՝ Տրինիդադ և Տոբագոյի մոտ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի։
Սա նմանատիպ նավերի արդեն հինգերորդ առգրավումն է վերջին շաբաթների ընթացքում՝ Վաշինգտոնի կողմից վենեսուելական նավթի արտահանման վերահսկողության ջանքերի շրջանակներում։
Olina-ն, որը, ըստ Equasis հանրային նավագնացության տվյալների բազայի,Արևելյան Թիմորի դրոշի տակ էր, նախկինում լքել էր Վենեսուելայի ջրերը և վերադարձել տարածք։ Առգրավումն սկսվել է ուրբաթ՝ հունվարի 9-ին, գործակալությանը հայտնել է նավագնացության ոլորտին ծանոթ աղբյուրը։
ԱՄՆ հարավային հրամանատարությունը հետագայում հաստատել է նավի առգրավումը։ Նրանք հայտարարել են, որ զորքերը դուրս են եկել USS Gerald R. Ford ականակիրից և առգրավել լցանավը «առանց միջադեպերի»։
Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Olina լցանավը լքել է Վենեսուելան անցյալ շաբաթ՝ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի կողմից նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից կարճ ժամանակ անց։ Այդ ժամանակ նավը լիովին բեռնված էր նավթով։ Լցանավը վերադարձել է Վենեսուելա լիովին բեռնված, հաղորդում է գործակալությունը։
2025 թվականի հունվարին այս տանկերը (այն ժամանակ Minerva M. անունով) ենթարկվել էր ԱՄՆ պատժամիջոցներին: Վաշինգտոնը նավը համարում էր «ստվերային նավատորմի» մաս:
Հունվարի սկզբին ԱՄՆ զինված ուժերը հայտնել էին Marinera տանկերի առգրավման մասին Հյուսիսատլանտյան օվկիանոսում: Առգրավումը կատարվել է դաշնային դատարանի որոշման և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Արևմտյան կիսագնդում անվտանգությունն ապահովելու հրամանների համաձայն: Առգրավմանը օգնել են բրիտանացի զինվորականները:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր նավի և անձնակազմի անհապաղ ազատ արձակումը՝ նշելով, որ առգրավումը խախտում է միջազգային ծովային իրավունքի հիմնարար նորմերը։ Նախարարությունը նշել էր, որ կեղծ դրոշի մեղադրանքները անհիմն են, քանի որ տանկերը ռուսական դրոշը կրելու ժամանակավոր թույլտվություն է ստացել 2025 թվականի դեկտեմբերի 24-ին, որի մասին ամերիկյան կողմը պաշտոնապես տեղեկացվել է։
Marinera-ից և Olina-ից բացի, ԱՄՆ զինվորականները հունվարին Կարիբյան ծովում առգրավել էին M Sophia տանկերը։ Դեկտեմբերին Միացյալ Նահանգները Վենեսուելայի ափերի մոտ առգրավել էր ևս երկու նավթատար. դեկտեմբերի 10-ին, ըստ Թրամփի, ԱՄՆ զինվորականները կանգնեցրին «մեծ» Skipper տանկերը, իսկ դեկտեմբերի 20-ին՝ Centuries սուպեր տանկերը։
