«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Կարծում եմ՝ Արցախի նկատմամբ իրավունքներից հրաժարման դիմաց Նիկոլ Փաշինյանը ստացել է խոստում՝ իր իշխանությունը պաշտպանելու տեսքով։ Ու հիմա դա ավելի բացեիբաց է արվում։ Եվրոպայից տրվող 15 միլիոն եվրոն առաջինն ու միակը չէ, տարբեր հասարակական կազմակերպությունների (ՀԿ) են տարիներ շարունակ ֆինանսավորում ու թելադրում իրենց օրակարգը։ Հայտարարության տեսքով եվրոպական աջակցությունը շարունակաբար լինելու է։
Հիշեցնենք, դեկտեմբերի 15-ին ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը X-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով. «Դոնբասը Պուտինի վերջնական նպատակը չէ։ Եթե նա ստանա այն, ավելին կպահանջի։ Մենք սա գիտենք պատմությունից և պետք է սովորենք պատմությունից»։ Տեսանյութում ԵՄ դիվանագիտության ղեկավարն անդրադարձել էր նաև Հայաստանին, մասնավորապես, նշելով. «Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել։ Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար»։
- Քանի որ այս իշխանությունն արևմտյան քաղաքական շահերն է սպասարկում այս տարածաշրջանում, նրան թույլ են տալիս անել ամեն ինչ։ Փաշինյանը մանիպուլացրել է եվրոպացիներին՝ ասելով, որ բոլոր ընդդիմադիր ուժերը ռուսամետ են, և եթե ես նրանց թույլ տամ գլուխ բարձրացնել, կունենաք նույն խնդիրները, ինչ Մոլդովայում։
- Այս իշխանությունները հայկական շահեր չեն սպասարկում, և մեր շահերը ստորադասելով՝ սպասարկում են օտար շահեր՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական՝ որը որ պահին պետք լինի։
- Աշխարհի հզորները պայքարում են ռեսուրսների համար։ Ե՛վ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի համար այս համատեքստում ազգայնականության խնդիր չկա։ Երկուսն էլ բազմազգ պետություններ են։ Եթե ԱՄՆ-ի մոտ հեշտ չի ստացվում ռեսուրսների ձեռքբերումը, նա անում է հեղափոխություն, ինչպես արեց, օրինակ՝ Պանամայի դեպքում։ Մարդիկ գիտե՞ն՝ Պինոչետ դիկտատորը որտեղից է առաջացել։ Դարձյալ նույն ԱՄՆ-ը արեց հեղափոխություն, բերեց նրան։ Եթե բռնապետն ԱՄՆ շահեր է սպասարկում, ուրեմն նա բռնապետ չէ։ Նույնն արեցին Կոնգոյում, երբ իշխանափոխություն կազմակերպեցին ԱՄՆ և բելգիական հատուկ ծառայությունները։
Ժամեր առաջ Թրամփը հայտարարեց, որ Իրանի վրա կհարձակվեն, եթե ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառվի։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ։ Իրանը նախկինում ԱՄՆ-ի հետ շատ լավ հարաբերություններ ուներ, բայց հենց եկավ Մոհամմեդ անունով մարդը, ով սկսեց ռեսուրսները պետականացնել, ԱՄՆ-ը հեղափոխություն արեց, բերեց շահին։ Հիմա էլ շահի տղան ԱՄՆ-ում ծառայում է ամերիկյան շահերին։

- Ամերիկյան իշխանությունները ծառայում են իրենց ֆինանսական, ռազմարդյունաբերական կորպորացիաներին, իսկ դրա համար իրենք պետք է աշխարհի տարբեր պետությունների հաշվին ռեսուրսներ ձեռք բերեն։ Դրա համար են աշխարհով մեկ սփռված 700 ամերիկյան բազաները։ Չինաստանն ամերիկյան նոր դոկտրինում հռչակված է՝ որպես թիվ մեկ թշնամի։ Հիմա ամեն ինչ պետք է անեն՝ Չինաստանին թուլացնելու համար։ ԱՄՆ-ը ուր էլ գնա, նա կորպորատիվ շահեր սպասարկող իմպերիալիստական պետություն է։ Նա, բնականաբար, իր շահերն է սպասարկում:
- Կան, չէ՞, ուժեր, որ ասում են՝ ԱՄՆ-ի հետ աշխատենք, կամ Ռուսաստանի հետ աշխատենք, մեզ համար լավ կլինի։ Դա այդպես չի աշխատում։ Ստրուկը մնում է ստրուկ։
- Ազգային ուժերին հավասարապես չեն սիրում ոչ մի կողմի իմպերիաները։ Մեր ազգային շահը քաղաքական գործոն լինելն է, բայց մեզ այս իշխանությունները հիմա դարձրել են քաղաքական գործիք։ Արցախը կարող էինք կորցնել, հետո հետ բերել, բայց երբ դու հրաժարվում ես Արցախի նկատմամբ ունեցած քո իրավունքներից, դու դառնում ես գործիք։ Աշխարհը շատ լավ գիտի, որ Արցախը հայկական է՝ բազմաթիվ փաստաթղթեր, քարտեզներ կան՝ այդ փաստը հաստատող, հենց իրենց արխիվներում և թանգարաններում, բայց երբ դու քեզ գործիքի տեղ ես դնում, աշխարհը քեզ ընկալում է՝ որպես գործիք։ Այնպես որ, վատ լուր ունեմ մեր ժողովրդի համար։ Անունը Թրամփի ուղի կլինի թե մեկ այլ բան, դու սպասարկելու ես ամերիկյան շահը։ Արտաքին որ ուժն էլ լինի, նման քաղաքականության պարագայում, մեզ օգտագործելու է։
- Բացարձակ սուվերեն պետություն աշխարհում գոյություն չունի։ Մենք պիտի հասկանանք՝ մեր շահը ոնց սպասարկենք։ Եթե մարդկանց սովորեցրին նրան, որ խաղաղությունը հայկական շահից հրաժարվելն է, մենք կկորցնենք Հայաստանը։ Արցախից հրաժարվելուց հետո հաջորդը Սյունիքի հերթն է։
- Մեր ժողովրդի մեծամասնությունը չի սիրում կարդալ։ Շատերի ուղեղում դրսից ֆինանսավորվող քարոզիչների գրածն է, այդ կեղծիքը լսում են, տարվում դրանով, դառնում նրանց հետևորդը։
- Իրանից մենք Ադրբեջանից բերված վառելիքի կես գնով էլ կարող ենք վառելիք ձեռք բերել, բայց մեզ թույլ չեն տալիս։ Ժողովուրդ ջան, ում ուզում եք՝ սիրեք, բայց թույլ մի՛ տվեք՝ երկիրը դարձնեն գործիք։ Ոչ մի իմպերիա չի կորչելու։ Փոքր պետությունը չի կարող իրեն թույլ տալ անդադար գերտերության վերաբերյալ մաղձ թափել։ Դա վատ ավարտ է ունենեում։ Մադուրոն՝ օրինակ։ Ուզում եք՝ ռուսին սիրեք, ուզում եք՝ ամերիկացուն, բայց սպասարկեք հայկական շահը։
- Հայաստանի իշխանությունը ոչինչ չի որոշում։ Եթե ինչ-որ պահի իրեն հրահանգեն գործել Իրանի դեմ, նա դրանից խուսափելու տարբերակ չի ունենա։

- Եթե հայերը որոշեն տեր լինել իրենց իրավունքներին, այս տարածաշրջանում իրենց պահեն տանտիրոջ, ոչ թե հյուրի պես, միգուցե Ամերիկան որոշի գործընկերություն անել մեզ հետ։ Գործիքի հետ ոչ ոք գործընկերություն չի անում։
- Մարդկանց պետք է հիշեցնել՝ բոլորս մարդ ենք, ռոբոտ չենք, ինչ-որ տեղ, ինչ-որ կետում մեղք ենք գործում, այդ թվում՝ հոգևորականները։ Բայց դա չի նշանակում, որ Հայ Առաքելական եկեղեցին պետք է քանդել։ Փաշինյանն իր օրակարգը բառացի ասել է՝ ինձ հարմար կաթողիկոս պիտի լինի, իմ դրածո կաթողիկոսին եմ բերելու… Փաշինյանն ազգային շահերից հրաժարվել է, հետևաբար՝ չի ուզում, որ երկրում լինի ինստիտուտ, որը կխոսի ազգային շահերի մասին։ Եթե եկեղեցին էլ քանդեց, մենք այլևս չենք կարողանալու այսպես խոսել… Արցախ անունը տալու համար մեզ կարող են կալանավորել։ Պետք է միավորվել եկեղեցու, Վեհափառի շուրջ ու թույլ չտալ, որ Փաշինյանը հաջողի իր օրակարգում։
- Չի կարող Վեհափառը լռել, երբ երկրում չեն սպասարկվում հայկական շահեր։ Փաշինյանը դա է ուզում անել, որ կաթողիկոսը չխոսի։ Ես չեմ մերժում ընտրությունները, բայց կարծում եմ՝ իշխանափոխությունը պետք է լինի հոգևոր առաջնորդությամբ։ Այս պրոցեսն Ամենայն Հայոց կաթողիկոսի անձի շուրջ չէ։ Սա պետք է հասկանան մարդիկ: Կաթողիկոսը սովորական անձ չէ, նա ինստիտուտ է։ Այն, որ ասում են, թե եկեղեցին, հոգևորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, դա սուտ է: Եկեղեցին, հոգևորականը պարտավոր է ազգային հարցերի շուրջ իր տեսակետը, իր դիրքորոշումն արտահայտել: Եկեղեցին թերևս մտածում է, որ եթե չսրի իրավիճակը, Փաշինյանը դադար կառնի, բայց այդպես չի լինելու։ Հանկարծ սխալ չհասկանան՝ ես չեմ ասում, որ Վեհափառը դառնա վարչապետ։ Ես Բագրատ սրբազանին էլ էի ասում՝ չեմ ուզում՝ դու վարչապետ լինես, բայց ուզում եմ՝ դու առաջնորդես այս շարժումը։ Հիմա նույն կերպ ուզում եմ, որ Վեհափառը առաջնորդի մի պրոցես, որտեղ հայը կկանգնի հայի կողքին՝ առանց իրար ատելու։
- Ընդդիմադիր ուժերի այս դասավորվածության պարագայում Փաշինյանն առանց խնդրի ապահովելու է իր վերարտադրությունը։ Դրա համար եմ կարևորում հոգևոր առաջնորդությունը։

- Նման զրույց կա, որ տարբեր ուժեր շահագրգռված են Երևանում ունենալ ավելի մեծ օդանավակայան։ Եթե Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, երաշխիք չկա, որ այդ օդանավակայանն իրականություն չի դառնա ու դրանով ռազմական տեխնիկա չի տեղափոխվի։
- Հայաստանի Հանրապետությունը պետք է դարձնել իրական արժեք ստեղծող պետություն, որ և՛ մենք օգուտ ունենանք, և՛ աշխարհին ինչ-որ բան առաջարկենք։ Օրինակ, ես լրիվ իրատեսական եմ համարում, որ Հայաստանը դառնա առողջապահական ծառայություններ արտահանող երկիր։
- Պետական պարտքն էլի կաճի։ 8 միլիարդից պակաս էր, որ ընդունեց երկիրը, հիմա դարձել է 14 միլիարդ։ Իշխանությունը նաև պարտք է սպասարկում, ինչը նշանակում է, որ իրականում 7-8 միլիարդից ավելի փող է պարտք վերցրել։ Կառավարության պարտքը կազմում են ներքին ու արտաքին պարտքերը միասին վերցրած։ Այս տարվա բյուջեում պարտքի սպասարկումը կազմել է 15%, ինչն ահռելի թիվ է։
Մանրամասները՝ տեսանյութում։