Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները։ Պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 32,5 մլրդ դրամի պարտատոմս։ Երկրորդային շուկայում իրականացված գործարքների ծավալը կազմել է շուրջ 29 մլրդ դրամ, ինչը 328%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում կնքվել է 1504 գործարք՝ շուրջ 13,3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, իսկ շրջանառվող պարտատոմսերի քանակը կազմել է 167։ Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը գերազանցել է 6 մլրդ դրամը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 217%-ով։ Շուկայի կապիտալիզացիան դեկտեմբերի վերջին կազմել է շուրջ 467 մլրդ դրամ, ինչը 6,29% աճ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը դեկտեմբերին կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ, իսկ զամբյուղային ռեպո հարթակում կնքվել է 5 գործարք՝ մոտ 5 մլրդ դրամ ծավալով։ Արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 4 գործարք՝ շուրջ 877 մլն դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ կնքված գործարքների միջին գինը կազմել է 381,35 դրամ։