Թեհրանի մեծ շուկայում սկսված և Իրանի տարբեր քաղաքներում 12 օր շարունակվող բողոքի ցույցերի պատճառը երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է, սակայն ցուցարարների մեջ կան բազմաթիվ խռովարարներ, ներդրված գործակալներ և ահաբեկիչներ, որոնք փորձում են խաղաղ ցույցերը տանել բռնության, բախումների և հակակառավարական ելույթների ճանապարհով։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտնեց «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրեն Փույա Հոսեյնին՝ խոսելով Իրանում տիրող իրավիճակի մասին։

«Երեկ շատ-շատ մեծ ցույցեր եղան տարբեր քաղաքներում, որոնք մեծ հաշվով խաղաղ էին, բայց դեպքեր կային, որ այդ ուժերը ժողովրդի մեջ էին մտնում և փորձում էին սադրել և շեղել ժողովրդի խաղաղ բողոքը և դրան ավելի քաղաքական աստառ տալ։ Ժողովրդի հիմնական դժգոհությունը տնտեսական վիճակից է, բայց փորձում են շեղել և տանել դեպի հակակառավարական և հակապետական ցույցեր։
Նրանց մեջ ահաբեկիչներ կան, որոնք ներթափանցում են Իրաքի Քրդստանից, Բելուջիստանից, Աֆղանստանից, Պակիստանից։ Մտնում են հասարակ ժողովրդի, ցուցարարների մեջ, երբեմն զինված են լինում, երբեմն այլ միջոցներ են ունենում՝ փորձելով խաղաղ ցույցերը սադրել դեպի բախումներ ոստիկանության ու ժողովրդի միջև»,- պատմեց Փույա Հոսեյնին։
Իրանցի փորձագետը շեշտեց, որ Իրանի իշխանություններն են հայտարարել՝ եթե բողոքի ցույցերը խաղաղ են լինում, ապա պետք է հանդուրժել, սակայն Իրանի համար հանդուրժելի չեն արտաքին սպառնալիքները։
Փույա Հոսեյնիի խոսքով՝ Իսրայելը և Միացյալ Նահանգները փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից։
«Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանի իշխանությունները կրակ բացեն ժողովրդի վրա, ծանր հարված կստանան, բայց եթե Թրամփն այդքան խաղաղասեր է և հարգում է մարդու իրավունքները, եթե փրկչի կերպար է ընդունում, դա կասկածելի է, քանի որ մենք տեսանք, թե ինչպես ինքն աջակցեց ամենամեծ ահաբեկչական պետությանը՝ Իսրայելին, զենք տվեց, որ 60-70 պաղեստինցիների Գազայում սպանեն, և 1 միլիոնից ավելի մարդ այնտեղ պատանդի կարգավիճակում էր, սնունդ չէր հասնում իրենց։ Բոլոր իրանցիները գիտեն, որ նա ոչ թե Իրանի ժողովրդի շահից է խոսում, այլ Միացյալ Նահանգների շահից»,- նշեց Հոսեյնի։
Իրանցի փորձագետն իրական է համարում այն վտանգը, որ ԱՄՆ-ը կարող է օգտվել Իրանի ներքին անկայունությունից և միջամտել կամ նույնիսկ ռազմական ինտերվենցիա իրականացնել։
«Մենք գիտենք, որ տարածաշրջանում մի քանի հարյուր հազար ամերիկյան զորքեր կան Իրանի հարևան երկրներում, որոնք տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներում, և այդ ռազմաբազաները հեշտ թիրախ են Իրանի համար»,- նշում է փորձագետը։
Իրանցի փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, Ջեյշ ալ-Զուլմ, Ջեյշ ալ-Ադլ ծայրահեղական խմբավորումների, PKK և այլ քրդական խմբավորումների հետ միասին, այն «բորենիների» թվում է, որոնք այսօր հարձակվել են Իրանի վրա և փորձում են «հոշոտել» Իրանը։

«Իրանը գիտակցում է այդ ամենը, պարզապես փորձում է դիվանագիտական և փափուկ ուժի միջոցով վերահսկելի դարձնել Ադրբեջանը։ Գիտի՝ եթե շատ կոշտ միջոցների դիմի, Ադրբեջանը միանգամից դեմքը կփոխի և արդեն շատ այլ ձևով հակաիրանական գործողություններ կանի, Իրանին հիմա դա պետք չէ, դրա համար Իրանը փորձում է փափուկ ուժով, «փշի-փշի անելով»՝ ավելի վերահսկելի դարձնել իրավիճակն Ադրբեջանի հետ։

Իրանցիները շատ լավ գիտակցում են՝ Ադրբեջանն ինչ է անում, ում հետ է կապված, ովքեր են Ադրբեջանի հետևում կանգնած, ինչ սադրիչ գործողություններ են անում Իրանի դեմ։ Իրանը միշտ էլ զգուշացրել է Ադրբեջանին, բայց ամեն դեպքում հարաբերությունները պահպանելով՝ փորձում է իր ազդեցությունը պահպանել Ադրբեջանի նկատմամբ»,- պարզաբանեց իրանցի փորձագետը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։