Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Բաքվից Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Բաքվից դեպի Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին։

Սա հաջորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հունվարի 9-ին արված հայտարարությանը, որ Հայաստան է ներկրվում ոչ միայն «Պրեմիում» և «Ռեգուլյար» տեսակի բենզին, այլև դիզելային վառելիք։

Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ 48 ցիստեռնից բաղկացած բեռնատար շարժակազմը Բաքվի Բալաջարի կայարանից ուղարկվել է դեպի Ադրբեջան-Վրաստան սահմանին գտնվող Բյոյուկ-Քեսիկ կայարան։

Բեռի կազմում առկա է 1742 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին և 956 տոննա դիզելային վառելիք. մատակարարումն իրականացվում է Վրաստանի տարածքով՝ տարանցիկ եղանակով։

Վառելանյութի առաջին խմբաքանակը Ադրբեջանից ներկրվել էր դեկտեմբերի 19-ին, երբ Հայաստան էր մուտք գործել 1 300 տոննա A95 բենզին հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով: Վառելիքը մատակարարվել էր Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղով՝ 22 երկաթուղային վագոնով: Հունվարի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հաջորդ խմբաքանակը։

Ըստ ԶԼՄ-ներում հրապարակված տվյալների՝ վառելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվում են գործարարներ ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր գործարար Խաչատուր Սուքիասյանի և գործարար Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունները։

 

Leave a Comment