9 հունվարի 2026 – 17:47 AMT
PanARMENIAN.Net – ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան էջում անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի երկարաձգմանը, գրել է, որ «հերթական դատավարությունը ծաղր է արդարադատության նկատմամբ»:
Նա խնդրել է Նարեկին դադարեցնել հայտարարած հացադուլը:
«Ի հակառակ նիստի ընթացքում տղաների եւ իրենց փաստաբանների կողմից բարձրաձայնված բազմաթիվ փաստերի եւ փաստարկների, դատավորն առանց աչքը թարթելու երկարաձգեց իրենց ապօրինի կալանքը եւս երեք ամսով։
Երիցս ճիշտ էր ԱՄՆ Պետդեպը, Մարդու իրավունքների 2023 թվականի զեկույցում նշելով, որ Հայաստանի դատական համակարգը «քաղաքականացված է, կոռումպացված եւ կախյալ»։ Ափսոս, որ դրանք միայն խոսքեր էին…
Նիկոլի պատժիչ գործիքի վերածված երրորդ իշխանության ինստիտուտները քաղաքական ռեպրեսիաների, դաշտը «зачистка»-ի ենթարկելու եւ վախի մթնոլորտը կարծրացնելու օղակներ են։
Տղաներին, ինչպես մյուս բոլոր քաղբանտարկյալներին, տոկունություն եւ ազատություն եմ մաղթում։ Նարեկին էլ հրապարակավ խնդրում եմ դադարեցնել հայտարարված հացադուլը։
Նարեկ ջան, դու լավ գիտես, որ մեր պայքարն երկարատեւ է, եւ դու պարտավոր ես լինել ուժեղ ոչ միայն ոգով, այլև մարմնով»,-ասվում է գրառման մեջ:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավորՄանվելՇահվերդյանի նախագահությամբ, որոշել է 3 ամիսով երկարաձգել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։ Նարեկ Սամսոնյանը դատարանում ասել է, որ անժամկետ հացադուլ է հայտարարում:
«Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակները ձերբակալվել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։