9 հունվարի 2026 – 17:08 AMT
PanARMENIAN.Net – Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն տեղափոխվել է «Դիլիջան» ազգային պարկ՝ նպատակ ունենալով կանխել մարդու միջամտության հետևանքով հնարավոր վնասները կենդանու համար, հայտնում է WWF-Հայաստանը:
Նշվում է, որ վայրի կենդանիների հետ քաղաքացիների անմիջական շփումը, այդ թվում՝ կերակրելու կամ լուսանկարելու փորձերը, խաթարում են կենդանու բնական վարքագիծը և կարող են առաջացնել անվտանգության խնդիրներ ինչպես կենդանու, այնպես էլ մարդու համար։ Նշվել է, որ նույնիսկ խաղաղ պահվածք դրսևորող վայրի կենդանին՝ առանց դիտավորության, կարող է վնաս հասցնել։
Ազնվացեղ եղջերուների տեղաշարժը վերահսկվում է ռադիովզկապային սարքավորումների միջոցով։
Այս կենդանիները գտնվում են պետական պաշտպանության ներքո, և դրանց վնասումը ենթադրում է իրավական պատասխանատվություն։ Մասնավորապես, ազնվացեղ եղջերուի վնասման դեպքում պետությանը հասցված վնասը գնահատվում է 15 միլիոն դրամ, իսկ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածը սահմանում է համապատասխան պատասխանատվության մեխանիզմներ։
«Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է սկսած 2013 թվականից՝ WWF-Հայաստանի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցության շրջանակում։