9 հունվարի 2026 – 13:55 AMT
PanARMENIAN.Net – Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի սպանության գործով նախաքննական մարմինը հայտարարել է նախաքննության ավարտ՝ միայն հանցագործության «կատարման» դրվագով։ Ներկայում մեղադրյալ են ճանաչվել Գևորգ Հարությունյանն ու Նարեկ Օհանյանը, սակայն պատվիրատուների վերաբերյալ իրավապահներն առայժմ հստակ տեղեկատվություն չեն ներկայացրել, հայտնում է «Փաստինֆոն»:
Անորոշ է նաև Մերձավանի ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի հնարավոր ներգրավվածության հարցը։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաստատել է միայն, որ նախաքննությունն ավարտված է և ներկայում նյութերի ծանոթացման փուլում են, հավելելով, որ այլ մեկնաբանություն դեռ չի կարող տալ։
Նախաքննական մարմնից ևս չեն հրապարակել հավելյալ տեղեկություններ՝ նշելով, որ նախաքննությունը համարվում է ավարտված այն ժամանակ, երբ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվի դատախազի հաստատմանը։ Այդ ժամանակ կթողարկվի պաշտոնական հաղորդագրություն։
Սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին՝ ուշ գիշերով։ Մերձավան գյուղի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ, գնդակահարվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրան ուղեկցում էր քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը նույնպես սպանվել է։ Վիրավորվել է նաև Արծրուն Գալստյանը, որը եղել է դեպքի վայրում։
Սպանությունը իրականացվել է դիմակավորված անձի կողմից, որը մոտեցել է տուժողներին և անմիջապես կրակահերթ բացել։ Գրիգորյանի արդեն անշարժացած վիճակում նա նաև հարվածներ է հասցրել ինքնաձիգի կոթով, այնուհետև հեռացել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ 155-րդ (սպանություն), 44-155-րդ (սպանության փորձ) և 335-րդ (ապօրինի զենքի շրջանառություն) հատկանիշներով։ Նախաքննության շրջանակում մեղադրյալներ են ճանաչվել 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը։ Նրանք կալանքի տակ են։
Գործի սկզբում առաջ էր մղվում վրեժխնդրության վարկածը։ Ըստ իրավապահների՝ Նարեկ Օհանյանը փորձել է վրեժ լուծել իր եղբոր սպանության համար։ Ավելի ուշ կալանավորվել է Գևորգ Հարությունյանը, որին մեղադրել են ուղղակիորեն սպանությունն իրականացնելու մեջ։