9 հունվարի 2026 – 10:40 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում հյուրընկալել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիին՝ Հայաստան–Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների խորացման հնարավորությունները։ Երկու կողմն էլ վերահաստատել են ռազմավարական մակարդակի հասնելու վերաբերյալ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը՝ անդրադառնալով այդ նպատակով իրականացվող նախաձեռնություններին։
Միրզոյանը նշել է. «Մենք, հասկանալիորեն, մեծ կարևորություն ենք տալիս մեր հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին: Ըստ էության, մեզ համար դրանք ռազմավարական նշանակության հարաբերություններ են: Եվ պատահական չէ, որ նախագահ Փեզեշքիանը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվել են, որ այս՝ արդեն ընթացիկ, տարում մեր հարաբերությունները պաշտոնապես բարձրացնենք ռազմավարական գործընկերության մակարդակի»։
Արարատ Միրզոյանն ու Մաջիդ Թախթ Ռավանչին նաև քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտադրել է, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ ենթակառուցվածքների բացումը պետք է իրականացվի հիմնարար սկզբունքների շրջանակում։ Կողմերը դիտարկել են նաև ընթացիկ ծրագրերն ու դրանց ընձեռած հնարավորությունները։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել։