Այսօր կեսօրից հետո դեպի երեկո և հունվարի 10–ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին գոտիներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր կեսօրից հետո դեպի երեկո և հունվարի 10–ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին գոտիներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա ներկայացրել է օդի ջերմաստիճանի բարձրացման մասին տվյալներ հանրապետության տարբեր շրջաններում։
Սուրենյանի խոսքով, հունվարի 3–ի համեմատ` վերջին երեք օրերին գիշերային ժամերին հանրապետությում դիտվել է օդի ջերմաստիճանի թռիչքաձև բարձրացում մոտ 16–20 աստիճանով, իսկ հանրապետության առանձին հատվածներում մինչև 25–30 աստիճանով տաքացում է տեղի ունեցել։
«Այսպես, Հայհիդրոմետի դիտարկումների համաձայն, հունվարի 3–ին առավոտյան ժամը 8–ին Աշոցքում գրանցվել է -37 աստիճան, այսօր եդել է -1,5, Գյումրիում հունվարի 3–ին եղել է -27 աստիճան, այսօր ընդամենը՝ -4, Տաշիրի հատվածում հունվարի 3–ի առավոտյան ժամը 8–ին եղել է -28, այսօր՝ +7, Մասրիկի հատվածում եղել է -26, այսօր՝ +4, Գավառի հատվածում եղել է -23, այսօր՝ +5, Սիսիանի հատվածում եղել է -20, այսօր՝ +7 և Երևանի ցածրադիր գոտում հունվարի 3–ի առավոտյան 8–ի դրությամբ եղել է մինչև -18 աստիճան, այսօր՝ մինչև -3։ Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանի էական տատանումներ չեն կանխատեսվում», – նշել է Սուրենյանը։