«Ի դեպ»․ Միջազգային իրավունքը տեղը զիջեց ուժի իրավունքին

Ի դեպ, Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, որ աշխարհում բոլորը պետք է մոռանան միջազգային իրավունքի մասին, կա միայն ուժ։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահն ասում է՝ Հայաստանը և Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է՝ ապրում են խաղաղության պայմաններում, հետո ավելացնում՝ սովորում ենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում։

Հետաքրքիր է, թե ինչպես է այդ խաղաղությունը պատկերացնում հենց ինքը՝ Ալիևը, եթե նույն ելույթում նշում է նաև, որ իրենց բանակը զինվում է և որ այսօրվա աշխարհում որոշում է  միայն ուժը։ Այսինքն, Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցողը բնավ խաղաղություն չէ, այլ ժամանակավոր հրադադար։

Օրեր առաջ էլ Ալիևն ասում էր՝ տարբերություն չկա Զանգեզուրի միջանցքը ինչպես կկոչեք, մեզ համար դա Զանգեզուրի միջանցք է։

Կարճ ասած՝ տեղի է ունենում բանակով, զենքով, գուցե կոմպրոմատներով Հայաստանի անունից բանակցողներին սպառնալու և ինչ-որ բան պարտադրելու գործընթաց, որը բոլորովին կապ չունի խաղաղության հետ։ Սպառնալիքը շատ ուղիղ է, պետք եկավ՝ կհարձակվենք, մեկ է՝ միջազգային իրավունք չկա, կա ուժի իրավունք։

 

Leave a Comment