Փաշինյան․ ՀՀ-ն ու Ադրբեջանն առուվաճառքի պոտենցիալ ապրանքների ցանկ են փոխանակել

Փաշինյան․ ՀՀ-ն ու Ադրբեջանն առուվաճառքի պոտենցիալ ապրանքների ցանկ են փոխանակել

8 հունվարի 2026 – 16:52 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները փոխանակել են առուվաճառքի պոտենցիալ ապրանքախմբերի ցանկ:

«Դեռևս ուսումնասիրության պրոցես է գնում»,– նշել է վարչապետը, հայտնում է Արմենպրեսը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանից բենզինի նոր խմբաքանակի ներկրմանը՝ նշելով, որ առաջին խմբաքանակը ներկրելիս տեղեկացվել են հայկական այն ընկերությունները, որոնք դրանից քաղաքական ակցիա չէին ստեղծի, ինչի մտավախությունը հաստատվեց այն ժամանակ, երբ հայկական որոշ ընկերություններ հրաժարվեցին վաճառել Ադրբեջանից ներկրված բենզինը:

«Այս գործընթացի արդյունքում բոլորի համար հասկանալի կլինի, որ այդ շուկան և հնարավորությունը բաց է բոլորի համար, և ով ուզում է, կարող է դրանից օգտվել»,- նշել է Փաշինյանը:

Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծումը մեկնարկել է 2025 թվականի դեկտեմբերին։ Դեկտեմբերի 19-ին Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել 22 վագոնից բաղկացած գնացք՝ բեռնված 1218 տոննա A-95 տեսակի բենզինով, որը հասել է Այրումի երկաթուղային կայարան։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է նաև, որ ընթացքի մեջ է բենզինի երկրորդ խմբաքանակի ներկրումը Ադրբեջանից։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նախատեսվում է առաքել 1000 տոննա A-92 տեսակի բենզին, 1000 տոննա դիզվառելիք և 1800 տոննա A-95 տեսակի բենզին։

Leave a Comment