8 հունվարի 2026 – 15:23 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի տարածքում 2026-ի առաջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված համեմատաբար ցածր ակտիվություն, հայտնում է առողջապահության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ հիվանդացության մակարդակը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է մոտ 2․3 անգամ, իսկ գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումները՝ 1.3 անգամ։
«Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ադենովիրուսի հարուցիչները։
2026 թվականի հունվարի 5-ի դրությամբ իրականացվել է 185,497 դեղաչափ գրիպի դեմ պատվաստում, որը կազմում է սեզոնի ընթացքում պլանավորված 200,000 դեղաչափի 92․7%-ը:
Հիվանդներին հորդորում ենք մնալ տանը, չզբաղվել ինքնաբուժությամբ, առանց բժշկի նշանակման չօգտագործել հակաբիոտիկներ, պահպանել հազի և փռշտալու կանոնները, շատ հեղուկ խմել, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հետևել անձնական հիգիենային ու ամենակարևորը՝ հագնվել եղանակին համապատասխան»,– ասվում է հաղորդագրության մեջ: