Առողջության ապահովագրության ռեգիստրը կվարի համապատասխան հիմնադրամը

Առողջության ապահովագրության ռեգիստրը կվարի համապատասխան հիմնադրամը

8 հունվարի 2026 – 14:05 AMT

PanARMENIAN.Net – Կառավարությունը չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է «Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը հաստատելու մասին» որոշումը։

Ըստ կառավարության որոշման՝ սահմանվում է առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում ներառվող անձնական և ոչ անձնական տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի պատշաճ գործարկումն ապահովելու նպատակով, հայտնում է Radar Armenia-ն:

Ռեգիստրը գործելու է էլեկտրոնային առողջապահության համակարգում և կլինի փոխգործելի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների էլեկտրոնային համակարգերի հետ՝ տվյալների ստացումը ապահովելով կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով։

Որոշմամբ նախատեսվում է, որ ռեգիստրի վարումն իրականացնելու է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը։ Ապահովագրված անձինք էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով հնարավորություն կունենան ծանոթանալու իրենց ապահովագրական կարգավիճակին, իսկ ռեգիստրում առկա ապանձնավորված տվյալները կհամարվեն ՀՀ-ի սեփականություն։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։

Leave a Comment