Պետդուման կոչ է արել տորպեդահարել ԱՄՆ ռազմածովային ուժերը․ «Անպատժելիության էյֆորիա ապրող ԱՄՆ-ին կանգնեցնելու միակ միջոցը սա է»

Քաղաքականություն

08.01.2026 | 10:01

Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը կոչ է արել «ԱՄՆ-ի քիթիկին մատիկով հարվածել» և տորպեդահարել ԱՄՆ ռազմածովային ուժերը՝ ի պատասխան Հյուսիսային Ատլանտիկայում ռուսական դրոշի ներքո նավարկող «Marinera» լցանավի առգրավման․ գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Պոդյոմ» հրատարակությանը։

Ժուրավլյովը քաղաքացիական նավի առգրավումը ԱՄՆ զինված ուժերի կողմից ծովահենություն է որակել ու նաև ոտնձգություն համարել Ռուսաստանի տարածքի նկատմամբ, քանի որ լցանավը նավարկում էր Ռուսաստանի դրոշի ներքո։

Պատգամավորը հավելել է, որ ԱՄՆ-ի նման գործողություններին պատասխանը պետք է լինի արագ ու վճռական, հաշվի առնելով այն փաստը, որ, ըստ առկա տեղեկությունների, մոտակայքում գտնվում են ռուսական ռազմանավեր ու սուզանավ։

Նշվում է, որ Ռուսաստանի ռազմական դոկտրինը նույնիսկ թույլ է տալիս ի պատասխան օգտագործել միջուկային զենք։

«Տորպեդահարել, խորտակել ափին պահպանություն անող ամերիկյան մի քանի նավ․․․ Վենեսուելայում հատուկ գործողությունից հետո անպատժելիության էյֆորիա ապրող ԱՄՆ-ին կանգնեցնելու միակ միջոցը քիթիկին մատիկով հարվածելն է», – իր խոսքը եզրափակել է Ալեքսեյ Ժուրավլյովը։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ը Ատլանտյան օվկիանոսում ռուսական դրոշի ներքո նավարկող նավթային լցանավ է կալանել։

Ապա Սպիտակ տունը հայտարարել էր, որ ռուսական դրոշի տակ նավարկող կալանված լցանավի անձնակազմին  քրեական հետապնդում է սպառնում։ Մոսկվան, իր հերթին, պահանջել էր, որ ԱՄՆ-ն արժանապատվորեն և մարդասիրաբար վերաբերվի նավի վրա գտնվող իր քաղաքացիներին։

 

 Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a Comment