Հալեպում կրկին ակտիվացել են բախումները՝ տարածվելով քաղաքի բոլոր շրջաններով։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ հրթիռակոծությունների հետևանքով զոհեր կան, բազմաթիվ շենքեր վնասվել են, իսկ կառավարական հաստատություններն ու դպրոցները դադարեցրել են աշխատանքը։ Օդանավակայանը ևս երկրորդ օրն է փակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Նախօրեին Հալեպում կառավարական զորքերի և քրդերի գլխավորած ուժերի բախումների հետևանքով զոհվել է առնվազն յոթ քաղաքացիական անձ։ Զոհերի թվում հայեր չկան՝ «Ռադիոլուրին» տեղեկացրել են Հալեպից։ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է գործունեությունը՝ ծառայություն մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին: Հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գործում են հեռախոսահամարներ։
Սիրիայում իրավիճակը լարված է։ Կրակոցների ձայները բնակիչներին վախեցնում են, մարդիկ փորձում են փակված մնալ իրենց տներում՝ «Ռադիոլուր»–ին պատմում է Հալեպի հայազգի բնակիչներից Սոնա Կյուրումլյան–Հապոյանը։ Քաղաքը, ինչպես զրուցակիցս է ասում, անշարժության մեջ է։ Սուրբ Ծննդյանն անգամ բոլոր խանութները, պետական հաստատություններն ու հիմնարկները փակ են եղել, անվտանգության նկատառումներով բնակիչներին զգուշացվել է այս օրերին տնից դուրս չգալ։
«Հիմա մեր շրջաններում, այո, ձայները շատ են, բայց այդ վտանգավոր հատվածում չէ իմ տունը։ Ես շատ տեղեկություն, մանրամասնություն չունիմ։ Բոլորն արդեն Զատիկի առիթով, բոլորը մեր դպրոցները, բոլոր գործի տեղերը, առաջնորդարանը և այլն փակ էին։ Բոլորին տեղեկացվել է, որ փակվեն տներում, քանի որ վտանգավոր է։ Քաղաքն անշարժության մեջ է, ուրիշ բաներ տեղյակ չեմ։ Փողոցներն անշարժության մեջ են։ Ավելորդ եռուզեռ չկա։ Այո, կրակոցներ կան այս պահին, այո, այո, կան, կան, և շատ ուժեղ են ձայները»։
Տիկին Սոնան Հալեպում ապրում է ամուսնու հետ: Մեզ հետ զրույցում ասում է՝ տնից դուրս կգան այն ժամանակ, երբ քաղաքում արդեն լիովին հանգստություն լինի։ Հալեպում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին բնակչությանը կոչ է արվել լքել վտանգավոր շրջանները՝ հնարավորինս նվազեցնելու քաղաքացիական զոհերն ու վնասները։ Տեղեկությունների համաձայն՝ հատկապես բախումների գոտիներին մոտ բնակվող մարդիկ արդեն սկսել են հեռանալ իրենց թաղամասերից՝ զգուշանալով իրադարձությունների սրումից՝ «Ռադիոլուր»–ին ասաց Ազգային առաջնորդարանի ազգային վարչության խոսնակ Ժիրայր Ռեիսյանը։
«Հայ համայնքը, ազգային կառույցների միջոցով, ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Բացվել են մարդասիրական միջանցքներ, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքին սրահը տրամադրվել է որպես ժամանակավոր ապաստան այն ընտանիքների համար, որոնք գտնվում են անմիջական վտանգի տակ։ Համայնքի երիտասարդները ևս գտնվում են պատրաստության վիճակում՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու համար»։
Ըստ համայնքի ներկայացուցիչների՝ այս պահի դրությամբ Հալեպի հայաշատ թաղամասերում զոհեր կամ վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են։
«Փառք Աստծո, մարդկային կորուստներ չունենք»։
Քաղաքում ենթակառուցվածքները վնասվել կամ խափանվել են, որոշ շրջաններ մի քանի օր է հոսանք չունեն, ջրամատակարարումը մասնակի է, ինտերնետ կապը գործում է հաճախակի խափանումներով՝ ասաց զրուցակիցս։ Հալեպի մի շարք հիվանդանոցներից հիվանդները տեղափոխվել են Ալ-Ռազի հիվանդանոց անվտանգության նկատառումներով, քանի որ մեկ բժշկական հաստատության մուտքը վնասվել է հրետակոծության հետևանքով։
Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում կառավարական զորքերի և քրդերի գլխավորած ուժերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, հիմնականում՝ քաղաքացիական անձինք։
Կողմերը միմյանց են մեղադրում մարտական գործողությունները սկսելու մեջ։
Թուրքիան սիրիական նոր կառավարության դաշնակիցն է և իր սահմանին գտնվող քրդական աշխարհազորայիններին համարում է անվտանգության սպառնալիք։ Այդ երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Անկարայում երեքշաբթի փոխանցել էր պահանջ, որ քրդական բոլոր զինված խմբավորումները, ներառյալ՝ Սիրիայում գտնվողները, զենքը վայր դնեն, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը։
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և նրանց հարող բոլոր խմբավորումները պետք է անհապաղ դադարեցնեն ահաբեկչական բոլոր գործողությունները նաև Սիրիայում և անվերապահորեն վայր դնեն զենքերը»։
Բախումների ֆոնին Սիրիայի իշխանությունները դադարեցրել են Հալեպի օդանավակայանից և դեպի այնտեղ թռիչքները և դրանք ուղղորդել Դամասկոսի օդանավակայան՝ հաղորդում է պետական «Սանա» լրատվական գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝սա Բաշար ալ-Ասադի տապալումից ի վեր կառավարության և քրդական ուժերի միջև ամենամահաբեր բախումներից է։
Հալեպում ստեղծված մարդասիրական ծանր իրավիճակի պատճառը Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերի հարակից բնակելի տարածքների վրա «Սիրիական դեմոկրատական ուժերի» հրետակոծությունների ինտենսիվացումն է, ինչի հետևանքով խաղաղ բնակիչները հարկադրված են եղել լքել իրենց տները։ Տարհանվել է մոտ 1000 քաղաքացիական անձ բնակելի թաղամասերի շարունակական գնդակոծության հետևանքով։
Սիրիայի արաբական բանակի գործողությունների հրամանատարությունը հայտարարել էր, որ Շեյխ Մաքսուդը և Աշրաֆիեն փակ ռազմական գոտիներ են։ Միևնույն ժամանակ բացվել են երկու անվտանգ մարդասիրական միջանցքներ՝ քաղաքացիական բնակչությանն անվտանգ տարածքներ տեղափոխելու նպատակով։
Բախումները հետևանք են այն բանի, որ երկու կողմերը մինչ օրս չեն կարողացել կատարել մարտին ձեռք բերված համաձայնությունը՝ կապված կիսաինքնավար վարչակազմի և քրդական զինված ուժերի՝ Սիրիայի նոր կառավարության հետ միաձուլման հետ։
Հալեպում տեղի են ունենում բախումներ Սիրիայի կառավարական ուժերի և քրդական ինքնապաշտպանական կառույցների (SDF / YPG-ին մոտ խմբեր) միջև՝ հատկապես քրդաբնակ թաղամասերի շուրջ։ Կառավարությունը պահանջում է լիարժեք վերահսկողություն և զինված խմբերի լուծարում, իսկ քրդական կողմը՝ ինքնավարության պահպանում և անվտանգության երաշխիքներ։ Լարվածությունը սրվում է նաև Թուրքիայի ազդեցության և թուրքամետ զինված խմբերի ճնշման պատճառով, որոնք դեմ են քրդական ներկայությանը Հալեպում։