Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին կարող է տեղի ունենալ զրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Անհրաժեշտ է կառուցել (Վլադիմիր Պուտինի հետ շփման) գործընթացը։ Կարճաժամկետ հեռանկարում պետք է շարունակել աջակցությունը Ուկրաինային։ Այժմ ընթանում է շփման վերակազմակերպումը, որը պետք է տեղի ունենա առաջիկա շաբաթներին։ Նպատակը խաղաղությունն է՝ առանց Ուկրաինայի կապիտուլյացիայի»,— հայտարարել է Մակրոնը France 2 հեռուստաալիքին՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք շփվել Ռուսաստանի նախագահի հետ։
Դեկտեմբերի 19-ին Մակրոնը նշել էր, որ Եվրոպայի համար օգտակար կլիներ վերսկսել երկխոսությունը Պուտինի հետ։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ եվրոպացիները պետք է դրա համար միջոց գտնեն առաջիկա շաբաթներին։ Ելիսեյան պալատը դեկտեմբերի 21-ին հավելել է, որ առաջիկա օրերին կորոշի ՌԴ-ի հետ երկխոսության վերսկսման օպտիմալ ձևաչափը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեկտեմբերի 21-ին РИА Новости-ին հայտնել է, որ Պուտինը պատրաստ է երկխոսություն վարել Մակրոնի հետ։ Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ երկու առաջնորդների միջև հնարավոր երկխոսությունը պետք է լինի միմյանց դիրքորոշումները հասկանալու փորձ: