Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը հաջորդ շաբաթ Եգիպտոսի մայրաքաղաքում կայանալիք բանակցությունների ժամանակ կքննարկի Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլին անցնելը, այդ թվում՝ Գազայի կառավարման կոմիտեի ձևավորման հարցը: Այս մասին միջարաբական «Asharq Al-Awsat» հրատարակությանը հայտնել է պաղեստինյան աղբյուրը։
Երեքշաբթի օրը Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին հայտարարել է, որ Դոհան Գազայի հակամարտության կողմերի միջև այլ միջնորդների հետ քննարկում է հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլին անցնելու հարցը, որը ներառում է միջազգային կոնտինգենտի տեղակայումը և այնտեղ նոր իշխանությունների ձևավորումը։ Նա նաև հայտարարել է, որ Կատարը միջնորդների հետ բանակցություններ է վարում Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև Ռաֆահ անցակետի վերաբացման և մարդասիրական օգնության մատակարարման վերաբերյալ։
«ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը հաջորդ շաբաթ կընդունեն Կահիրեում… Այցի ընթացքում կքննարկվեն հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի կետերը, առաջին հերթին՝ Գազայի հատվածի կառավարման տեխնոկրատական կոմիտեի կազմը»,- ասել է շարժման ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը։