«Մտնում ենք համակարգային ճգնաժամի մեջ, իշխանություն-հասարակություն երկփեղկումը խորանում է. ամենաանցանկալի բանն է լինելու իշխանության համար». Վարդան Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանը երեկ իր «շրջիկ» թիմի հետ, այսպես կոչված, ուխտերթի էր մասնակցում, նախ «բարենորոգիչները»՝ նախարարներ, ՀՀ նախագահ, տարբեր գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարներ, հարյուրավոր անվտանգության աշխատակիցներ, ոստիկաններ, կարգալույծ եղած քահանաներ գնացին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, այնուհետև սկսեցին քայլել դեպի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի։ Հենց եկեղեցու բակում էլ իր հետ քայլած անձանց Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ «բարենորոգելու են եկեղեցին»։

Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանին հակաեկեղեցական այս արշավի ընթացքում առաջին անգամ ուղեկցում էր կինը՝ Աննա Հակոբյանը։

Փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ Վարդան Խաչատրյանը դիտարկելով Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ իրականացված քայլերը և հասարակության արձագանքն այդ քայլերին, նկատեց՝ եթե խնդիրը հասարակական ճնշում իրականացնելն է, ապա հասարակական ճնշում գոյություն չունի։

«Մենք սա կամենում ենք, թե չենք կամենում, սա օբյեկտիվ չափորոշիչ է, կրկնում եմ՝ հասարակական ճնշում գոյություն չունի։ Արհեստականորեն իշխանությունն այս հարցը փորձում է պահել օրակարգում՝ Վեհափառին փոխելու, «հանգստի ուղարկելու» և կամայական  ձևակերպմամբ՝ «գլուխը փոխելու», սակայն դա հնարավոր չէ, եթե, իհարկե, իշխանությունը չգնա շատ ավելի խորը երևույթների, որոնց մասին նույնիսկ անցանկալի է խոսելը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Խաչատրյանը։

Ճշտող հարցին՝ ի՞նչ քայլերի կարող է գնալ իշխանությունը, Վարդան Խաչատրյանը պատասխանեց՝ այդ քայլերը կարող են շատ տարբեր լինել, որոնք կան ամբողջ աշխարհում, սակայն դրանցից որևէ մեկը չի ցանկանում քննարկել։

«Համարում եմ, որ այս ամենն անթույլատրելի է, երբ եկեղեցին աներևակայելիորեն գերազանցում է բոլոր քաղաքական կազմակերպությունների հավակնություններին՝ միասին վերցրած։ Կաթողիկոսի կազմակերպած եկեղեցին է, որ այդպես է համարվում, հետևաբար՝ իշխանությունն ինչի՞ց ելնելով է ուզում հեռացնել Վեհափառին։ Այս խոսույթը պետք է ամեն դեպքում հասու դառնա հասարակությանը, որ այսպես չի կարելի և տարբեր պատճառներով չի կարելի։ Իսկ այդ տարբեր պատճառների մասին միշտ պետք է քննարկում տեղի ունենա, նաև կլոր սեղանի շուրջ։

Հասկանո՞ւմ եք, Վեհափառին հեռացնելու փաստարկներ չկան, բայց նրան վերագրվող մեղադրանքներն իշխանությունն անընդհատ փոփոխում է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Շարունակելով միտքը, Վարդան Խաչատրյանը հավելեց՝  դեռ վաղուց է ասել, որ տեղի ունեցողը բերելու է համակարգային ճգնաժամի։

«Անվիճելիորեն մենք մտնում ենք համակարգային ճգնաժամի մեջ՝ իշխանություն- հասարակություն երկփեղկումը գնալով խորանում է, քանի որ կեղծ օրակարգ է սպասարկվում։ Վերջին հաշվով, սա ամենաանցանկալի բանն է լինելու այս իշխանությունների համար, այսպես կոչված՝ «կանգը» հասարակության մեջ»,- ընդգծեց Վարդան Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականին, երբ ՀՀ -ում իշխանությունը զավթվեց, դրանից հետո տեղի ունեցավ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, որը պահանջում էր Վեհափառի հեռացումը։ Մի քանի ամիս հետո, սակայն, շարժումը մարեց։ Այս տարվա մայիսից հակաեկեղեցական շարժումը սկսվեց արդեն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որին միացել են նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման բոլոր մասնակիցները։

Leave a Comment