Իրանում հերքում են, որ ցուցարարները քաղաքներ են գրավել ·

Իրանական «Tasnim» և «Mehr» լրատվական գործակալությունները հերքել են արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ցուցարարները գրավել են Իսլամական Հանրապետության արևմտյան Իլամ նահանգի Մալեքշահիի շրջանը և Աբդանան քաղաքը:

Ավելի վաղ «Fox News» հեռուստաալիքը հայտնել էր, որ ցուցարարներն իբր իրենց վերահսկողության տակ են վերցրել Մալեքշահին և Աբդանանը:

«Մալեքշահիում զինված անձանց հետ բախումներից և անվտանգության աշխատակցի զոհվելուց հետո այս պահին անվտանգության ուժերի ներկայության շնորհիվ իրավիճակը լիովին կարգավորվել է», – ասված է «Tasnim»-ի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ խռովարարները հարձակվել են նաև բանկերի վրա, ոչնչացրել դրանց փաստաթղթերն ու սարքավորումները։ Նրանք նաև կրակ են բացել իրավապահների ուղղությամբ, որոնք ցույցի մասնակիցներին կոչ էին արել ցրվել։

«Mehr»-ն էլ հայտնել է, որ Աբդանան քաղաքում ոստիկանության հսկողության ներքո անցկացված խաղաղ հավաքը տևել է մոտավորապես մինչև տեղական ժամանակով ժամը 19.00-ը, որից հետո մասնակիցները սկսել են ցրվել, սակայն նրանցից առանձնացված 250-300 հոգանոց խումբը սկսել է հրկիզումներ իրականացնել քաղաքի տարբեր հատվածներում:

Գործակալության տվյալներով՝ ոստիկանները Աբդանանում վերականգել են կարգուկանոնը, իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության ներքո:

Leave a Comment