Առաջին 300 նորակառույց դպրոցից հետո մեզ սպասում է հաջորդ 300 դպրոցը, այսօր Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Անդրադառնալով մինչև 2026 թվականը 300 դպրոցի և 500 մանկապարտեզի նորոգման, կառուցմանևվերակառուցման ՀՀ կառավարության ծրագրին՝ նա նկատեց, որ դպրոցական լավագույն պայմանները պետք է հասանելի լինեն բոլոր աշակերտներին։
«Ամենաշատը մեզ հարցնում են՝ արդյոք կհասցնենք ժամկետներում ավարտել այս ծրագիրը։ Այո՛, կհասցնենք, և սա ասում եմ ավելի շատ վստահությամբ, որովհետև մենք արդեն ունենք 100 դպրոցներ և 280 մանկապարտեզներ, որտեղ աշխատանքներն ավարտված են։ Եթե նախորդ տարի աշխատանքներ էինք կատարել շուրջ 53 միլիարդ դրամի չափով, ապա այս տարի մենք 121 միլիարդ դրամի կատարողական ունենք։ Շատ մեծ թիմ աշխատում է, որ այս ծրագիրն իրականություն դառնա»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
Խոսելով նախադպրոցական մսուրային ծառայությունների՝ մինչև 2 տարեկան երեխաների կրթության իրավունքի մասին, նախարարը նշեց, որ նմանօրինակ մանկապարտեզներ գործում են Երևանում, կգործեն նաև Հրազդանում, Վանաձորում և Գյումրիում։
«Այս տարի ունենալու ենք նաև 6 ամսական երեխաների համար նախատեսված ծառայություններ, և մսուրի զարգացումը լինելու է մեր առաջիկա կարևոր թիրախը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։