Բրիտանիան և Ֆրանսիան զորքեր կտեղակայեն Ուկրաինայում ՌԴ հետ խաղաղության համաձայնագրի դեպքում

Բրիտանիան և Ֆրանսիան զորքեր կտեղակայեն Ուկրաինայում ՌԴ հետ խաղաղության համաձայնագրի դեպքում

7 հունվարի 2026 – 10:37 AMT

PanARMENIAN.Net – Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան մտադիր են զորքեր տեղակայել Ուկրաինայում, եթե Ռուսաստանի հետ խաղաղության հաստատվի: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Համապատասխան համաձայնագիրը Փարիզում տեղի ունեցած «ցանկացողների կոալիցիայի» գագաթնաժողովում Սթարմերից բացի ստորագրել են ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է BBC-ին:

Գագաթնաժողովին ներկա են եղել նաև ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները: Նրանք ևս ստորագրել են «Փարիզյան հռչակագիրը», որով անվտանգության երաշխիքներ են տրվում Ուկրաինային:

Դաշնակիցներн առավելապես համաձայնել են Ուկրաինայի համար վստահելի անվտանգային երաշխիքների շուրջ և առաջարկել, որ ԱՄՆ‑ն ղեկավարի հրադադարի հսկողությունը։ Բայց գլխավոր խնդիրը՝ տարածքների վերաբերյալ հարցը, դեռ քննարկվում է։

ՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ երբեք չի համաձայնվի Ուկրաինայում օտարերկրյա ուժերի տեղակայմանը, քանի որ դա սպառնալիք է իր անվտանգությանը:

Համատեղ ասուլիսում Սթարմերն ասել է. «Մենք ստորագրել ենք մտադրության հռչակագիր՝ ուժերի տեղակայման մասին Ուկրաինայում՝ խաղաղության հաստատման դեպքում։ Սա մեր երկարաժամկետ հանձնառության առանցքային մասն է՝ կանգնելու Ուկրաինայի կողքին։

Այն բացում է իրավական շրջանակը, որի ներքո բրիտանական, ֆրանսիական և գործընկեր ուժերը կարող են գործել Ուկրաինայի տարածքում՝ ապահովելով երկրի երկինքը և ծովերը և բաերփոխելով Ուկրաինայի զինված ուժերն ապագայում»:

Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ Լոնդոնը կմասնակցի ԱՄՆ‑ի գլխավորած հնարավոր հրադադարի վերահսկմանը:

Սթիվ Ուիթքոֆն ասել է, որ «անվտանգային երաշխիքները և վստահելի հանձնառություններն անհրաժեշտ են մշտական խաղաղության համար» Ուկրաինայում՝ նշելով Կիևի գլխավոր պահանջը։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քուշները հավելել է, որ պայմանագրից հետո ուկրաինացիները պետք է իմանան, որ «իրական երաշխիքներ կան, որ պատերազմը չի վերսկսվի»:

Միևնույն ժամանակ, Մակրոնը ասել է, որ Ուկրաինայի դաշնակիցները Փարիզի քննարկումներում առաջընթաց են գրանցել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Փարիզում մեծ քայլ առաջ արվել է, սակայան դեռ պետք է կանգնեցնել պատերազմը:

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ խաղաղության համաձայնագիրը 90% պատրաստ է։ Մնացած 10% համաձայնեցնելը կորոշի խաղաղության ճակատագիրը, Ուկրաինայի և Եվրոպայի ճակատագիրը։ Տարածքները և անվտանգային երաշխիքները եղել են բանակցողների համար դեռ չլուծված խնդիրների գլխավոր կետերը։

Պուտինը բազմիցս զգուշացրել է, որ ուկրաինական ուժերը պետք է դուրս գան Ուկրաինայի արևելքի ամբողջ Դոնբասից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է լայնածավալ ներխուժումը Ուկրաինա 2022 թ. փետրվարին, իսկ Մոսկվան այժմ վերահսկում է Ուկրաինայի շրջանների մոտ 20 տոկոսը։

Leave a Comment