Ո՞նց կարող է իր պետությունը սիրող առաջնորդը շանս չտա իր պետությանը և ժողովրդին․ Գոռ Գևորգյան

ԱԺ նախկին պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Որոշ դիտարկումներ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարման վերաբերյալ։
Մի կողմ դնենք պատմության տարբեր ժամանակահատվածներում գերտերություների նոր աշխարհակարգ ձևավորելու նկրտումները, և ամրագրենք, որ աշխարհաքաղաքական դիմակայությունները և դրանցից բխող հակամարտությունները բոլոր ժամանակներում միջազգային հարաբերությունների կայուն բաղադրիչ են։
Դրանց հիմքում հաճախ ընկած են կառուցվածքային գործոններ՝ կայսրությունների փլուզման հետևանքներ, էներգակիրների համար կատաղի պայքար, լոգիստիկ հանգույցների վերահսկում, բնական հանածոների հասանելիություն և այլն, որոշ պետություններին դարձնում են էլ ավելի խոցելի։ «Խոցելի պետությունների» բովանդակային ընկալման էական մաս է կազմում կառավարման մոդելը և իշխանության գտնվող կերպարը, սուբյեկտիվ բաղադրիչը՝ քաղաքական առաջնորդության մոդելը, որոշումների ընդունման բնույթը, ինչպես նաև երկարատև, այսպես կոչված «պերսոնալիստական իշխանության» պայմաններում «իշխանությունը ամեն գնով պահպանելու» քաղաքագիտական բանաձևը։
Նշվածի խորապատկերում հետաքրքրական է համեմատական անցկացնել Նիկոլաս Մադուրոյի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի մի շարք նախկին առաջնորդների՝ մասնավորապես Մուամմար Կադդաֆիի, Սադդամ Հուսեյնի և այլոց միջև։
Այս կերպարներին բնորոշ հավաքական հատկանիշն է՝ տևական ժամանակ իշխանության գտնվելը, որը գրեթե միշտ ուղեկցվել է ինստիտուցիոնալ բարեփոխումների բացակայությամբ, պոպուլիստական հռետորաբանությամբ և որոշ դեպքերում, հանուն իշխանության պահպանման ներքաղաքական բևեռացման գիտակցված առաջացմամբ։
Միանձնյա երկարատև կառավարման նման մոդելը ժամանակի ընթացքում նվազեցնում է իշխանության կամ տվյալ առաջնորդի կարողությունը՝ ադեկվատ կերպով գնահատելու փոփոխվող քաղաքական իրականությունը և դրանից բխող ռիսկերը։
Սեփական իշխանությունը պահելու համար, «ոտքերը գետնից կտրված» նման առաջնորդները, պատրաստ են սակարկել անգամ սեփական պետության ինքնիշխանությունը, ժողովրդի անվտանգությունը և արժանապատվությունը։
Վերը նշվածի վառ ապացույցն են այն վայրիվերումները, որոնց միջով անցել ու անցնում են Իրաքը, Լիբիային, Սիրիան, Եմենը և հնարավոր է, որ կանցնի նաև Վենեսուելան ու էլի նմանատիպ «խոցելի» կառավարման մոդել ունեցող այլ երկրներ։
Միևնույն ժամանակ իշխանության ղեկին երկարատև գտնվելը գրեթե միշտ հանգեցնում է առաջնորդի՝ սոցիալական իրականության հետ կապի կորստին։
Նման պայմաններում էլեկտորալ լեգիտիմությանը հղումները հաճախ կրում են ձևական բնույթ։ Ժամանակակից քաղաքագիտությունը չի բացառում, որ համեմատաբար նեղ հասարակական շերտի (մոտ 15–20%) աջակցությանը հենվող առաջնորդը կարող է երկար ժամանակ վերարտադրել իշխանությունը՝ ինստիտուցիոնալ և արտաինստիտուցիոնալ վերահսկման մեխանիզմների միջոցով, մինչև ռեժիմի համակարգային ճգնաժամի առաջացումը և այսպես կոչված հատուցման պահը։
Իշխանությունը պոպուլիզմով և այլ «իզմերով» պահելու մեթոդները հայտնի են աշխարհի գրեթե բոլոր երկրամասերում՝ դիցուք Հարավային Կովկասից մինչև ուր ասեք։
Երկրարատև իշխանությունների վերաբերյալ որոշ համեմատականներ, որոնցից մի քանիսի դեպքում պետության ղեկավարի իշխանազրկումից հետո աղետալի հետևանքներ են արձանագրվել․
• Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյն – իշխել է 24 տարի (1979-2003 թթ․)
• Թունիսի նախագահ Զին ալ-Աբիդին Բեն Ալի՝ 24 տարի (1987-2011 թթ․)
• Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաք՝ 30 տարի (1981-2011 թթ․)
• Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհ՝ 34 տարի (1979-2012 թթ․)
• Լիբիայի նախագահ Մուամմար Կադդաֆի՝ 42 տարի (1969-2011 թթ․)
• Սիրիայի նախագահ Բաշար Ասադ՝ 24 տարի (2000-2024 թթ․), իսկ եթե հաշվի ենք առնում Ասադների ընտանիքի կառավարման շրջանն, ապա ավելի քան 50 տարի։
• Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո՝ փաստացի սկսած 2013-ից:
Անշուշտ, գոյություն ունեն բացառություններ, որոնք պայմանավորված են պատմական և ինստիտուցիոնալ յուրահատուկ հանգամանքներով։ Սակայն դեպքերի մեծ մասում ձգձգված «պերսոնալիստական իշխանությունն» ավարտվել է պետության և հասարակության համար ծանր հետևանքներով․ հեռացող առաջնորդը սովորաբար թողնում է պետության փլատակներ և կորսված ճակատագրեր։
Առաջնորդի կողմից իշխանությունից ժամանակին հեռանալը կարող է դիտարկվել ոչ թե որպես թուլության դրսևորում, այլ որպես գործոն, որը բարձրացնում է պետության և հասարակության ինստիտուցիոնալ կայունության պահպանման և համակարգային կոլապսից խուսափելու հնարավորությունը։
Հ․գ․ ո՞նց կարող է իր պետությունը սիրող առաջնորդը շանս չտա իր պետությանը և ժողովրդին»,- գրել է նա։

—00—ԼԱ

 

 

Leave a Comment