Վերածննդի դարաշրջանի մեծագույն արվեստագետ Միքելանջելո Բուոնարոտին եկեղեցական քննադատների հարձակումներին արձագանքել է ոչ սովորական կերպով․ նա նրանց կերպարները ներառել է «Վերջին դատաստան» որմնանկարի մեջ՝ Սիքստինյան կապելլայում։ Այդ մասին գրում է Artnet-ը՝ հղում անելով ժամանակակիցների վկայություններին և արվեստաբանների ուսումնասիրություններին։
Սիքստինյան կապելլան, որը կառուցվել է XV դարի վերջին՝ Սիքստոս IV պապի նախաձեռնությամբ, արտաքին խիստ տեսքի ներքո պահպանում է Վերածննդի դարաշրջանի ամենանշանավոր գլուխգործոցներից մեկը։ Նրա ներքին հարդարման վրա աշխատած արվեստագետների թվում առավել մեծ ճանաչում է ստացել հենց Միքելանջելոն՝ հատկապես առաստաղի և արևմտյան պատի որմնանկարների շնորհիվ, որտեղ նա կյանքի վերջին տարիներին պատկերել է «Վերջին դատաստան» տեսարանը։
Սակայն ստեղծագործությունը ժամանակակիցների կողմից ընդունվել է ոչ միայն հիացմունքով։ Ըստ Artnet-ի՝ թե՛ եկեղեցական, թե՛ աշխարհիկ շրջանակների ներկայացուցիչներին վրդովեցրել են կանոններից շեղումները, մերկ կերպարների առատությունը և հին՝ հելլենա-հռոմեական պատկերների կիրառումը սրբազան սյուժեում։ Շատերի համար կրոնական թեմաների նման ազատ մեկնաբանությունը ընկալվել է որպես չափազանց սադրիչ և նույնիսկ վտանգավոր։
Որմնանկարի ամենակոշտ ընդդիմախոսների շարքում էին պապական արարողապետ Բիաջո դա Չեզենան և վենետիկյան սատիրիկ Պիետրո Արետինոն։ Դա Չեզենան հրապարակավ հայտարարում էր, որ նման պատկերներն ավելի հարմար են բաղնիքների կամ պանդոկների, քան պապական կապելլայի համար, և պահանջում էր ծածկել կերպարների մերկությունը՝ նախաձեռնելով այսպես կոչված «թզենու տերևների արշավը»։ Արետինոն էլ առաջարկել էր ոչնչացնել որմնանկարը այն բանից հետո, երբ Միքելանջելոն անտեսել էր նրա խորհուրդները։
Պատասխանելով քննադատությանը՝ նկարիչը իր հակառակորդներին ներառել է հենց «Վերջին դատաստան» կոմպոզիցիայի մեջ։ Artnet-ի տվյալներով՝ Բիաջո դա Չեզենան դարձել է անդրաշխարհի դատավոր Մինոսի կերպարի նախատիպը՝ էշի ականջներով և օձով, որը կծում է նրա սեռական օրգանները։ Իսկ Արետինոյին Միքելանջելոն պատկերել է սուրբ Բարդուղիմեոսի կերպարով՝ ձեռքին պահած մաշկի միջոցով, որի մեջ հետազոտողները տեսնում են նկարչի ինքնապատկերը։
Այնուամենայնիվ, վերջնական որոշումը Միքելանջելոյինը չեղավ։ Նրա մահից հետո Տրիդենտի ժողովը կարգադրեց ծածկել որմնանկարի մերկ պատկերները, և այլ վարպետներ ավելացրին վարագույրներ ու հագուստի տարրեր։ Այս միջամտությունները մինչ օրս պահպանվել են Սիքստինյան կապելլայի ինտերիերում՝ որպես հիշեցում արվեստագետի և իր ժամանակակիցների միջև տեղի ունեցած հակասության մասին։
