«Մաղթում եմ, որ այն մարդիկ, ովքեր մեղավոր են, ի վերջո դարձի գան, ծնկեն Մայր Աթոռի խորանի առջև և ներողություն խնդրեն Վեհափառից». Տեր Փառեն քահանա Առաքելյան

2025 թվականը Հայ Առաքելական եկեղեցու և հոգևոր դասի համար բավականին դժվար տարի էր։ Հոգևոր առումով հոգևոր դասը պայքարում էր իշխանությունների հակաեկեղեցական արշավի դեմ, ի վերջո, Մայր Աթոռը միջին դարերից սկսած չէր տեսել հարձակում իր դեմ, այն էլ՝ հայի կողմից։

Սաղմսովանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը նույնպես 2025 թվականը դժվար տարի է համարում, հատկապես ամառվանից սկսած բավականին փորձություններով լեցուն ու լարված էր թե՛ հավատացյալների, թե՛ հոգևոր  դասի համար։

«Տարին բավականին փոթորկոտ, փորձություններով լեցուն էր հոգևոր իմաստով, նաև հոգևոր կերպով աճելու տարի էր, որովհետև մենք հասկացանք, թե ինչ է նշանակում զինվորյալ եկեղեցի։ Գիտեք, մեր եկեղեցին նաև զինվորյալ եկեղեցի է իր վարդապետությամբ։ Միևնույն ժամանակ լիահույս, հույսով լեցուն տարի էր»,- 168.am հետ զրույցում ասաց Տեր Փառենը։

Խոսելով արդեն 2026 թվականի մասին, տեր հայրն ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Սուրբ ծննդյանն ընդառաջ Ճրագալույցի պատարագ կմատուցի, որին ներկա կլինեն ամբողջ ընտանիքով, կստանան Սուրբ հաղորդություն։

«Այդ պատարագից հետո Ավետիսը տալիս ենք մեր հավատացյալ ժողովրդին, հետո ընտանիքով կանթեղով խորանից վերցված ճրագով տուն ենք գնում՝ նստում ընտանեկան ընթրիքի։ Շնորհավորում ենք միմյանց, բնականաբար, սեղանին դնում ենք սուրբծննդյան ուտեստներ, եկեղեցուց բերված ճրագը, ամբողջ օրը տրամադրում ենք ընտանիքին։ Այս օրը բոլոր հավատացյալները եկեղեցուց իրենց տուն են գնում՝ ընտանիքում տոնելու։ Արդեն հաջորդ օրվանից՝ Սուրբծննդյան ջրօրհնեքի պատարագից հետո սկսվում է տնօրհնեքների շրջանը, այցելում ենք տներ, Ավետիսը տալիս մեր հավատացյալներին ու տնօրհնեքի կարգ կատարում»,- հավելեց Տեր Փառենը։

Հոգևորականը ցանկանում է, որպեսզի այս տարի ցամաքած սերը մարդկանց մոտ վերականգնվի, որպեսզի մարդիկ կարողանան բնականոն կյանքով ապրել։ Ավետարանում Քրիստոսն ասում է. «Անօրինության շատանալուց, սերը կցամաքի»։

«Մաղթում եմ, որ 2026 թվականը հայ ազգի համար լինի հոգևոր խաղաղության, հոգևոր հաղթանակի, անկեղծության, նվիրումի տարի։

Մաղթում եմ, որ հայը հային սիրի անկեղծ քրիստոնեական սիրով, որպեսզի հարցերը, որոնք առաջանում են, լուծվեն քաղաքակիրթ ձևով, որպեսզի, ի վերջո, քրեստոնեական սերը թագավորի։

Մաղթանքս սրանից է բխում, որ Տիրոջ ծնունդով իսկապես բոլորիս հոգիները վերածվեն Մսուրի, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ծնվեց, և մենք բոլորս, փառք ի բարձունս, կարողանանք լիաթոք, լիասիրտ ու հանգիստ խղճով երգել ու փառք տալ Աստծուն։

Նաև ուզում եմ մաղթել, որ այն մարդիկ, ովքեր մեղավոր են, ի վերջո դարձի գան, զգան իրենց մեղքերը, ծնկեն Մայր աթոռի խորանի առջև և ներողություն խնդրեն Վեհափառից»,- ընդգծեց Տեր Փառեն քահանա Առաքելյանը։

Leave a Comment