Մենք պատրաստվում ենք կառավարել Վենեսուելան մինչև այն պահը, երբ կարողանանք ապահովել իշխանության անվտանգ, պատշաճ և ողջամիտ փոխանցումը, հայտարարել է Թրամփը
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ-ը պատրաստ է կառավարել Վենեսուելան այնքան ժամանակ, մինչև չկարողանա ապահովել «իրավականորեն ճիշտ իշխանափոխություն»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայում տիրող իրավիճակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԲԿ–ն։
«Մենք պատրաստվում ենք կառավարել երկիրը մինչև այն պահը, երբ կարողանանք ապահովել իշխանության անվտանգ, պատշաճ և ողջամիտ փոխանցումը: Մենք չենք ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ մեկ ուրիշը կմիջամտի և ի վերջո կբախվի նույն խնդրին», — ասել է Թրամփը:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները «պատրաստվում են ստիպել շատ խոշոր նավթային ընկերություններին… միլիարդավոր դոլարներ ներդնել [Վենեսուելայի] նավթային ենթակառուցվածքների վերականգնման մեջ և սկսել գումար վաստակել երկրի համար»:
ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև գործընկերությունը վենեսուելացիներին կդարձնի «հարուստ, անկախ և անվտանգ»:
Ամերիկյան առաջնորդը նաև հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բանակցություններ էր առաջարկում, սակայն Վաշինգտոնում ավելի նպատակահարմար տարբերակ են համարել Վենեսուելայում գործողություն իրականացնելը, հաղորդում է Ինտերֆաքսը:
«Գիտեք, Մադուրոն վերջում ուզում էր բանակցել, բայց ես չէի ուզում (…) մենք պետք է անեինք դա», — ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը կրկին մեղադրել է Վենեսուելայի իշխանություններին թմրանյութերի մատակարարման և իրենց բանտարկյալներին ԱՄՆ ուղարկելու մեջ:
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ զինվորականները Մադուրոյին և նրա կնոջը տեղափոխել են USS Iwo Jima մեծ դեսանտային նավ, որտեղից նրանց կտանեն Նյու Յորք՝ դատարանի առաջ կանգնեցնելու համար:
Շաբաթ առավոտյան Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զինվորականները գրոհ են իրականացրել Վենեսուելայի դեմ, կարողացել են գերեվարել և երկրից դուրս բերել Մադուրոյին և նրա կնոջը: Ավելի ուշ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտնել է, որ Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի դեմ մի շարք մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում՝ նարկո-ահաբեկչության նպատակով դավադրության մեջ: Նրանք կկանգնեն Նյու Յորքի դատարանի առաջ: