Շուրջ 520 հազար մարդ անցած տարվա վերջին օրը Ստամբուլի Ղալաթիա կամրջին և հարակից տարածքներով Պաղեստինի հետ համերաշխության ցույց է կազմակերպել:
Այդ մասին հայտնել և «թռչնի թռիչքի բարձրությունից» արված տեսանյութեր է հրապարակել պետական «Անադոլու» գործակալությունը:
Նույն օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ իր դաստակերտում հյուրընկալել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին և նրա տիկնոջը:
Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ հրեական պետության ոչ մի վարչապետ, ինչպես նաև՝ Նաթանյահուն, մինչ այդ նման պատվի և ջերմ ընդունելության չի արժանացել:
Այդուհանդերձ, որևէ հավաստի տեղեկություն չկա, որ Թրամփ-Նաթանյահու բանակցությունների արդյունքները «համապատասխանում են իսրայելական հանրության ակնկալիքներին»:
Նաթանյահուի կառավարության աղբյուրները մամուլին տեղեկացրել են, որ ԱՄՆ մեկնելու նախօրեին նա «ռազմական կաբինետի» նիստ է գումարել և նախանշել, որ Գազայում Թուրքիայի «ռազմական ներկայությունը կարմիր գիծ է, որ երբեք և ոչ մի պայմանով չի խախտվի»:
Իսրայելցի մեկնաբանները, սակայն, կայուն տպավորություն ունեն, որ Գազայում հրադադարի ամրապնդումը և ձեռք բերված համաձայնությունների երկրորդ փուլին անցումը Միացյալ Նահանգների նախագահի համար «չափազանց կարեւոր է, ուստի նա կարող է համաձայնել այնտեղ Թուրքիայի ռազմական ներկայությանը»:
Իրական այլ տարբերակ, որ թույլ կտար «հնազանդեցնել» պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը, կարծես թե, գոնե այս փուլում չկա: Արաբական երկրները մերժում են «Միջազգային կայունացնող ուժեր» կազմավորելու առաջարկությունը՝ պատճառաբանելով, որ չեն կարող ՀԱՄԱՍ-ի դեմ ուժ կիրառել, եթե խմբավորումը զենքը ցած չդնի:
Իսրայելի կառավարությունը Գազայում թուրքական և ՀԱՄԱՍ-ի ռազմական ներկայության միջև էական տարբերություն չի տեսնում:
Ստամբուլի բազմամարդ ակցիան, անշուշտ, իշխանությունների նախաձեռնությունն է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղալաթիայի կամրջից ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին, միջազգային հանրությանը և վերահաստատել, որ Պաղեստինի անկախ պետության հռչակումը մնում է իր արտաքին և տարածաշրջանային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը:
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների տարի է սկսվել: Երուսաղեմի փորձագիտական շրջանակները հավանական են համարում, որ Նաթանյահուն «կցրի խորհրդարանը և կնշանակի արտահերթ ընտրություններ», եթե Միացյալ Նահանգները պնդի, որ առանց Թուրքիայի ներգրավվածության իսրայելա-պաղեստինյան կարգավորումն անհնար է»: