Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն վեց մարդ

Իրանում տնտեսական ճգնաժամի դեմ հինգ օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն վեց մարդ։

Այս մասին հայտնել է Associated Press լրատվական գործակալությունը հունվարի 1-ի երեկոյան։ Reuters-ը նույնպես հայտնել է բողոքի ցույցերի առաջին զոհերի մասին՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին և մարդու իրավունքների կազմակերպություններին, սակայն առանց նշելու զոհերի թիվը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իրանական Fars լրատվական գործակալության և Hengaw իրավապաշտպան խմբի տվյալներով՝ Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Լորդեգան քաղաքում գրանցվել է մի քանի մահվան դեպք։Հաղորդվում է, որ ևս մեկ մարդ զոհվել է Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան նահանգում։

Հունվարի 1-ին Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հաղորդել էր, որ Իրանի արևմտյան Լորեստան նահանգի Կուհդաշտ քաղաքում սպանվել է «Բասիջ» աշխարհազորի անդամ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նրա մահվան մեջ մեղադրել է ցուցարարներին։

Hengaw իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ զոհը անվտանգության ուժերի կողմից սպանված ցուցարար է։

Իրանում բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին։ Այդ օրը Թեհրանում խանութների տերերը՝ սկզբում բջջային հեռախոսներ վաճառողները, ապա մյուսները, փակել են իրենց խանութները՝ ի նշան երկրի վատթարացող տնտեսական վիճակի դեմ բողոքի։ Ավելի ուշ բողոքի ցույցերին միացել են նաև այլ խոշոր քաղաքների բնակիչներ։

Դեկտեմբերի 30-ին հաղորդագրությունների տարածվել ցուցարարների և ոստիկանության միջև առաջին բախումների մասին, որոնց ընթացքում անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ։

Ինչպես հաղորդում է DPA-ն, բողոքի ցույցը շուտով վերածվել էր քաղաքական բողոքի ակցիայի, որտեղ ցուցարարները վանկարկում էին «Մահ բռնապետին» և «Կեցցե՛ թագավորը» կարգախոսներ։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment