Պետության ղեկավարը չի կարող անընդհատ ու ամեն ինչ զիջել. եթե այս գործընթացը շարունակվեց, ամեն ինչ է զիջվելու, ՀՀ-ի տերն ու տիրականը լինելու են թուրք-ադրբեջանական բաշիբոզուկները. Բալասանյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ 2026 թվականը Հայաստանի ու հայ ազգի համար լինելու է բախտորոշ տարի։

«Այս տարի ըստ էության դրվելու է Հայաստան պետության լինել-չլինելու հարցը։ Գուցե լինեն մարդիկ, որոնք ասեն, որ այդպես չէ, բայց անհրաժեշտ է իրավիճակին սթափ նայել և հասկանալ, որ տարածք ունենալը դեռևս պետություն չէ։ Պետության ղեկավարը չի կարող անընդհատ զիջել ու ամեն ինչ զիջել։ Եթե այս գործընթացը շարունակվեց, ապա ամեն ինչ է զիջվելու, իսկ Հայաստանը վերածվելու է մի տարածքի, որտեղ տերն ու տիրականը լինելու են թուրք-ադրբեջանական բաշիբոզուկները և անելու են այն, ինչ ուզելու են՝ պոկելու են Հայաստանից ամեն ինչ»,168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Բալասանյանը՝ ամփոփելով 2025 թվականը, նաև խոսելով 2026 թվականի սպասումների մասին։

Գրիգոր Բալասանյանի գնահատմամբ՝ ինչպես վերջին 7 տարիները, այնպես էլ 2025 թվականը բարդ ու վտանգներով լեցուն տարի էր, քանի որ ՀՀ իշխանությունների շնորհիվ Հայաստանը ներքաշվել է շատ վտանգավոր խաղի մեջ։

«Վտանգավոր խաղը «Թրամփի ուղի» ավանտյուրան է, որը ոչ այլ ինչ է, քան «Զանգեզուրի միջանցք», ուղղակի Թրամփի անունով են կոչել, որպեսզի ժողովրդի մեջ մի փոքր այդ զգայնությունը բթացնեն։ Դատելով ադրբեջանական կողմից պարբերաբար եկող հայտարարություններից, նրանք դա դիտարկում են՝ որպես «Զանգեզուրի միջանցք»։

Այս ամենից զատ, ԵՄ գնալու նախագիծ ընդունեցին, սա էլ այն դեպքում, երբ ԵՄ-ում Հայաստանին ու մեզ որևէ մեկը չի սպասում։

Դատելով այն բանակցություններից, որոնք ընթանում են ԵՄ-ի հետ, հասկանում ենք մեկ բան՝ ԵՄ-ն չի թաքցնում, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ՔՊ-ն սպասվող ընտրություններից հետո կրկին վերարտադրվի։ Առավելագույնը, ինչի շուրջ Հայաստանը բանակցում է ԵՄ-ի հետ, ցավոք, տնտեսական չէ, առավելագույնն էլ վիզանների ազատականացումն է։ Այսինքն՝ մարդիկ իրենց բարեկեցության և անձնական ցանկություններին հագուրդ տալու համար, պետությունը դրել են բավականին վտանգավոր տուրբուլենտ վիճակի մեջ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Գրիգոր Բալասանյանը նաև ընդգծեց՝ ամենավտանգավոր բանը, որը տեղի ունեցավ 2025 թվականին, և վստահ է՝ կշարունակվի նաև 2026 թվականին, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների սկսած արշավն էր, որը, բնականաբար, իշխանությունների համար դրական ավարտ չի ունենալու։

«Այս հակաեկեղեցական արշավը մեր ազգի համար դրական էր, քանի որ ազգն ավելի համախմբվեց իր եկեղեցու ու Վեհափառ հայրապետի շուրջ։ Այս արշավը նաև հստակ ջրբաժան դրեց հայերի ու պարզապես «յան» ազգանունով մարդկանց միջև, և հայերի թիվն ավելի շատ է, քան մենք կարող էինք պատկերացնել։ Մենք հիմա ագզովի պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2025 թվականին տեղի ունեցած այս ամենի հետևանքները 2026 թվականին նվազագույնի հասցվեն։

Բնականաբար, ժողովուրդն իր խոսքը պետք է ասի ու գնա ընտրությունների, մասնակցությունը պետք է լինի նվազագույնը 65 տոկոս և ավելի, այդ դեպքում որևէ եվրոպական ու մոլդովական սցենար չի կարող նպասել, որպեսզի ԵՄ-ի համար ցանկալի ուժը վերարտադրվի»,- ասաց Գրիգոր Բալասանյանը։

Շնորհավորելով Ամանորն ու Սուրբ Ծնունդը, Գրիգոր Բալասանյանը հայ ազգին մաղթում է խոհեմություն, հայ ընտանիքներում էլ, որ միշտ տիրի խաղաղություն։

«Ուզում եմ, որ որևէ պարագայում չկորցնենք մեր ազգային դիմագիծը, որևէ էժան վառելիքի, էժան հացի պարագայում չկորցնենք ազգայինը՝ կառչած մնանք ազգայինին ու հոգևորին։ Դրանք են մեր պետականության հիմքերը, և դրանով մեր ազգը կարող է վերածնվել»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը։

Leave a Comment