2025 թվականին միջազգային հարաբերությունների համակարգը նշանավորվեց որպես շարունակվող պատերազմների տարի, ոչ թե դրանց ավարտի։ Համաշխարհային օրակարգը ձևավորվեց այն կոնֆլիկտներով, որոնք սկսվել էին նախորդ տարիներին, բայց հենց 2025-ին ձեռք բերեցին նոր որակ՝ խորանալով, տարածվելով կամ ներգրավելով ավելի լայն դերակատարների։
Տարին ցույց տվեց, որ միջազգային համակարգը գտնվում է երկարատև անցումային փուլում․ ուժային կենտրոնների բազմազանությունն աճում է, սակայն կարգավորման արդյունավետ մեխանիզմները համընթաց չեն զարգանում։ Արդյունքում, հակամարտությունները դառնում են քրոնիկ, լուծումները՝ ժամանակավոր, իսկ խաղաղությունը՝ պայմանական։
2025-ի գլխավոր դերակատարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր, ով ամբողջ տարի խոստացավ դադարեցնեք կոնֆլիկտները տարբեր տարածաշրջաններում:
Oragir.News-ն առանձնացրել է միջազգային 10 կոնֆլիկտները, որոնք տարվա ընթացքում ոչ միայն պահպանեցին իրենց ինտենսիվությունը, այլև ազդեցին գլոբալ ուժային հավասարակշռության, տարածաշրջանային անվտանգության և միջազգային օրակարգի վրա։
2022 թվականի փետրվարից սկսված ռուս-ուկրաինական պատերազմը այդպես էլ չդադարեց 2025-ին:
Պատերազմը 2025 թվականին շարունակվեց ակտիվ մարտերով, հիմնականում Դոնեցկի շրջանում՝ ռուսական առաջխաղացումներով, մինչդեռ՝ բանակցությունները դանդաղ էին, և կանխատեսումներ կային աշնանը հնարավոր զինադադարի մասին: Ըստ տեղեկությունների՝ 2025-ի ընթացքում արդեն Ռուսաստանը վերահսկում էր Ուկրաինայի տարածքի մոտ 1/5-ը, իսկ մարտական գործողությունները կենտրոնացած էին արևելքի կարևոր լոգիստիկ հանգույցների շուրջ՝ Կոնստանտինովկայի համար մղվող մարտերով:
Պատերազմը շարունակվում է ակտիվ ռազմական գործողություններով՝ առանց տեսանելի ավարտի, մարտերը կենտրոնացած են Դոնբասի շրջանում:
Ավելի քան 3 տարի ձգվող պատերազմը դարձել է Արևմուտքի և ԱՄՆ-ի հիմնական անհանգստությունը՝ վերածվելով միջազգային անվտանգային սպառնալիքի:
2025-ին տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ, հրապարակվեց նույնիսկ 28 կետանոց խաղաղության համաձայնագրի տեքստը, բայց անօգուտ:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակվեցին, Թրամփի գալով՝ Ուկրաինան դադարեց օգտվել ամերիկյան ֆինանսավորումից, իսկ Եվրոպան համեմատած պատերազմի սկզբի հետ՝ կրճատել է օգնությունը Ուկրաինային:
Երբ խոսում ենք կոնֆլիկտներից, ապա չենք կարող բաց թողնել կոնֆլիկտների սիրտը՝ Մերձավոր Արևելքը:
Տարածաշրջանը, ինչպես գրեթե ամեն տարի, շարունակեց լինել թեժ առանցք:
2024 թվականի հունվարի 1-ին՝ նոր տարվա գալուստից անմիջապես հետո, «Համաս» շարժումը Գազայի հատվածից ավելի քան 20 հրթիռ արձակեց Իսրայելի տարածքի վրա:
2025-ին ևս կոնֆլիկտը չլքեց միջազգային ասպարեզը:
Այս հակամարտությունը բավական խորն է ու երկարատև։ Այն սկսվել է Պաղեստինի տարածքում Իսրայել պետության ստեղծումից էլ վաղ՝ 20-րդ դարի սկզբին, երբ խնդրահարույց տարածքները դեռ բրիտանական մանդատի տակ էին։
Իսրայելը 2025-ի ընթացքում էլ հայտարարում էր, որ դեմ է «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքի իրականացմանը և թույլ չի տա, որ իր կողքին պաղեստինյան պետություն ստեղծվի:
Կոնֆլիկտի տրամաբանությունը 2025-ի ընթացքում չփոխվեց:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ռազմականացված թևը՝ «Իզ ալ-Դին ալ-Քասամ բրիգադները» «Պաղեստինյան իսլամական ջիհադի» հետ Գազայի տարածքից հարձակվեցին Իսրայելի հարավային շրջանների վրա, որի հետևանքով սպանվեց 1200, և գերեվարվեց ավելի քան 250 մարդ։ Ի պատասխան՝ հրեական պետությունն իր ռազմական մեքենան գործի դրեց ամբողջ թափով։
Իրադարձություններից կարճ ժամանակ անց Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի պատասխան գործողությունը Գազայի հատվածում բաղկացած կլինի երեք փուլից.
• ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների ոչնչացում,
• «Ցածր ինտենսիվության» փուլ՝ դիմադրության օջախների վերացում,
• Գազայում կենսապայմանների ապահովման հարցում Իսրայելի պատասխանատվության բացառում։
Այսինքն՝ Գալանտը հայտարարում էր պատերազմի ռազմական եւ քաղաքական նպատակների մասին։
Եվ 2025-ի ընթացքում էլ Իսրայելը կենտրոնացած էր այս ուղղությամբ:
Տարին էլ ավարտվեց նրանով, որ Իսրայելը 15 ամիս տևած պատերազմի ընթացքում, որն, ի դեպ՝ երկրի անկախությունից հետո մղած պատերազմներից ամենաերկարն էր, չհասավ իր առջև դրած ռազմական և քաղաքական նպատակներին։ Պատերազմը Իսրայելի համար փաստացի ավարտվեց առանց ՀԱՄԱՍ-ի ոչնչացման կամ, ինչպես վարչապետ Նեթանյահուն էր հայտարարում, ռազմական ու կառավարական հնարավորությունների վերացման։
Իսրայելը, սակայն, ՀԱՄԱՍ-ով բավարարվողը չէր:
ԱՄՆ ուղղակի աջակցությամբ՝ 2025 թվականի հունիսի 13-ին Իսրայելը հրթիռային հարձակում գործեց Իրանի վրա:
Իսրայելի հարձակումը Իրանի վրա ամենամեծ հարձակումն էր Իրան-Իրաք հակամարտությունից ի վեր: Հունիսի 13-ի երեկոյան՝ Իրանը հակադարձեց «Իրական խոստում III» գործողությամբ՝ բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելով ռազմական օբյեկտների, հետախուզական օբյեկտների և բնակելի թաղամասերի վրա։
Հունիսի 23-ին, ժամը 18:02-ին Թրամփը հայտարարեց, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը կիրականացվի մինչև հունիսի 25-ը՝ հակամարտությունը անվանելով «12-օրյա պատերազմ»: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վիճարկեց այս հայտարարությունը, ասելով, որ հրադադարի վերաբերյալ որևէ առաջարկ չի համաձայնեցվել, բայց նշեց, որ Իրանը կդադարեցնի իր ռազմական գործողությունները, եթե Իսրայելը նույնպես դադարեցնի ռազմական գործողությունները «ոչ ուշ, քան Թեհրանի ժամանակով ժամը 4-ին: Թեհրանի ժամանակով ժամը 6:45-ին Իրանի հակաօդային պաշտպանությունը արձագանքեց մայրաքաղաքի վրա Իսրայելի շարունակական հարվածներին, և Իրանը ժամը 7:07-ին Բեեր Շևայի վրա հրթիռների ևս մեկ համազարկով հրթիռներ:
Հունիսի 25-ին արդեն հրադադարը հաստատված էր:
2024 թվականի վերջին Սիրիայում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժման գլխավորությամբ հակակառավարական ուժերը տապալեցին Բաշար ալ-Ասադի 24 տարվա ռեժիմը։ Համացանցում արդեն 2025-ին սկսեցին տեղեկություններ ու տեսագրություններ հայտնվել երկրի կրոնական փոքրամասնություն ալավիների նկատմամբ իրականացված բռնությունների մասին։ Արդեն այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Սիրիայի Լաթաքիայի եւ Տարտուսի շրջաններում նախկին նախագահի կողմնակիցները զինված դիմադրություն են սկսել ալավիների դեմ նոր իշխանությունների իրականացրած բռնություններին ի պատասխան։
Մարտի սկզբին ապստամբական այս շարժումների իրականացրած մի շարք հարձակումներից հետո Սիրիայի անցումային կառավարությունը պատասխանեց երկրի մերձափնյա շրջանների տոտալ շրջափակմամբ ու լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկով։ Համացանցում սկսեցին հայտնվել ալավիական բնակավայրերում կատարված զանգվածային սպանդի տեսարաններ, տարբեր տարիքի տղամարդկանց ու կանանց խոշտանգված մարմինների լուսանկարներ։
Ավելի ուշ հրապարակված տեսագրություններում էլ կարելի էր լսել, թե ինչպես էին մզկիթներում իմամները ալավիների դեմ ջիհադի կոչեր հնչեցնում։
Սուդանում 2025-ը ևս բարի չէր:
Սուդանը 2025 թվականին բախվեց քաղաքացիական ճգնաժամի, որը բնութագրվում է զանգվածային տեղահանություններով, հարյուր հազարավոր փախստականներ հայտնվեցին հարևան երկրներում, հակամարտությունը շարունակվեց, ինչը հանգեցրեց քաղաքացիական անձանց մահապատիժների։ Մարդահամարները ցույց են տալիս մոտ 52 միլիոն բնակչություն, որտեղ երիտասարդներն ավելի շատ են, իսկ քաղաքային բնակչությունն աճում է, երկիրը շարունակում է մնալ տարածաշրջանային կոնֆլիկտների կիզակետում:
Սուդանի քաղաքացիական պատերազմի պատճառով, ավելի քան 25,5 մլն մարդ ծայրահեղ սովի բախվեց:
Բայց դե միայն Սուդանի քաղաքացիական պատերազմը չէ, որ ստեղծում է միջազգային անկայուն վիճակ: Մյանմարում 2021 թվականի ռազմական հեղաշրջումից ի վեր այդ երկիրը արդեն 4 տարի է գնտվում է քաղաքացիական պատերազմի մեջ:
Մյանմարում կան ավելի քան 3.6 միլիոն փախստականներ, հազարավոր մահեր։ Այստեղ հումանիտար լուրջ խնդիրներ կան։
ՄԱԿ-ի գնահատումները ցույց են տալիս, որ մոտ 20 մլն մարդ՝ մոտ երկրի բնակչության կեսը, կարիք ունի սննդի կամ օգնության։
Այս երկրի վարչախումբը աջակցություն ունի հաշված երկրներից՝ Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան, հիմնականում տնտեսական ու ռազմավարական նկատառումներով։
Մյանմարի քաղաքացիական պատերազմը 2025-ին շարունակում է մնալ դանդաղ զարգացող, բազմակողմանի, խորապես բարդ հակամարտություն:
Կոնգոյի արևելյան շրջաններում էլ արդեն 2025 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր տեղի ունեցան զինված բախումներ:
Պայքարը M23 զինված խմբակցության և Կոնգոյի կառավարության մեջ էր:
Կա տեսակետ, որ M23-ը Ռուանդայի կողմից ֆինանսավորվող ուժ է, երկրում բախումներ հրահրելու նպատակով:
Ըստ մի շարք կազմակերպությունների տվյալների, միայն 2025-ի առաջին ամիսներին մինչև 500 000 մարդ նորից տեղահանվեց այս հակամարտության պատճառով:
2025-ի ընթացքում արևելյան Կոնգոյի հակամարտությունը էապես սրվել է։
M23 զինյալները, ինչպես նաև նրանց ենթադրյալ աջակիցները, մարտական գործողություններ են մղել կառավարական ու ռազմական ուժերի դեմ:
Հնդկաստան-Պակիստան հարաբերությունները 2025-ին ևս մնացին համեմատաբար անկայուն,՝ կապված հատկապես Ջամու և Քաշմիրի (Kashmir) տարածաշրջանի՝ կոնֆլիկտային սահմանային հատվածներով։ Աշխարհի երկու միջուկային հարևանների միջև երկարաժամկետ տարաձայնությունները շարունակեցին սրել մտահոգությունները տարածաշրջանային անվտանգության համար։
Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Պահալգամի ահաբեկչությունը՝ Պակիստանի կողմից աջակցող ահաբեկչական խումբը սպանեց 26 հնդիկ:
Նյու Դելին էլ դա համարեց իր տարածք ներխուժում: Դրան հաջորդեցին շարունակվող հրաձգություններ, հրետանիի փոխհրաձգություններ և ծանր մարտական գործողություններ երկու կողմերի զորքերի միջև՝ դարձնելով այս լարվածությունը մի քանի օր տևած ամենածանր ռազմական բախումներից մեկը վերջին տարիներին։
Մայիսի 10-ին կողմերը հայտարարեցին հրադադարի մասին, սակայն այդ լարվածությունը լիովին չդադարեց՝ շարունակելով որոշակի փոխհրաձգություններ ու սահմանային միջադեպեր։
Նշենք նաև, որ սա այն դեպքերից էր, որ կա վախ միջուկային պատերազմ սկսելու:
Արևելյան Աֆրիկան անմասն չմնեց միջազգային խառնաշփոթից։ 2025 թվականի հուլիսի 9-ին ալ-Շաբաաբ ահաբեկչական շարժումը զինված հարձակում իրականացրեց Սոմալիում:
Ապրիլ-մայիսին տեղի ունեցան ուղիղ բախումներ կառավարական ուժերի և շարժման մասնակիցների միջև:
Սոմալիի կառավարությանը բախումների ողջ ընթացքում աջակցել են ԵՄ-ն, ԱՄՆ-ն, առավել շատ՝ Թուրքիան:
Թուրքիան, ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով, աջակցում է Սոմալիին՝ զորքեր տեղակայելով Մոգադիշոյում ու օգնելով պաշտպանական համակարգերի զարգացումով։
2025-ի ընթացքում ալ-Շաբաաբ խմբավորման վտանգը Արևելյան Աֆրիկայում ոչ միայն չնվազեց, այլև որոշ ոլորտներում ուժգնացավ:
Բայց դե ինչպես ասում են. «Եկե՛ք գանք մեր ոչխարներին»:
2025-ը նշանավորվեց նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին կնքված խաղաղության համաձայնագրով, որով Թրամփը «խաղաղություն» բերեց Հարավային Կովկաս, կարգավորվելով Հայաստան-Ադրբեջան վաղեմի կոնֆլիկտը:
Այդքան սպասված խաղաղությունը այդպես էլ չեկավ տարածաշրջան: Այդ խաղաղության ֆոնին այսօր Բաքվի բանտում են գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։ Ադրբեջանը ամբողջ 2025-ի ընթացքում խոսեց այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի», «Գյոյչա լճի» ու «Էրիվանի» մասին:
2025-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան եկավ ղազախական ցորենն ու ադրբեջանական նավթը, բայց այդ խաղաղություն կոչվածը այդպես էլ չեկավ:
Եվ երբ մենք կդիմավորենք 2026 թվականը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կշարունակի Բաքվի բանտում այդպես էլ սպասել «խաղաղությանը»:
Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել՝ 2025 թվականը դարձավ միջազգային անվտանգային համակարգի խորքային ճգնաժամի տարի, երբ աշխարհում միաժամանակ ակտիվ փուլում էին թե՛ միջպետական լարվածությունները, թե՛ երկարատև քաղաքացիական ու հիբրիդային պատերազմները, ինչպես նաև ահաբեկչական պայքարը։ Չնայած, որ Թրամփը իր բերած «խաղաղության» համար Նոբելյան մրցանակ է շարունակում փափագել:
2025-ը հաստատեց նաև, որ աշխարհը մտել է երկարատև անկայունության փուլ, որտեղ պատերազմները հազվադեպ են ավարտվում հստակ հաղթանակով կամ խաղաղությամբ, և առավել հաճախ վերածվում են քայքայիչ, երկարատև կոնֆլիկտների։
Թող գալիք 2026-ը չկրկնի անցածի սխալները, իսկ աշխարհը սովորի, որ կայունությունը ծնվում է ոչ թե ուժից, այլ պատասխանատվությունից:
Մանրամասները՝ տեսանյութում.
Քնարիկ Սահակյան