
Գրեթե մեկ օր է անցել, իսկ Ռուսաստանը դեռևս որևէ հավաստի ապացույց չի ներկայացրել՝ հիմնավորելու Ուկրաինայի դեմ իր մեղադրանքները՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա ենթադրյալ հարձակման վերաբերյալ»։ Այս մասին X-ում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
«Եվ չի էլ ներկայացնի։ Որովհետև նման ապացույցներ չկան։ Նման հարձակում չի եղել», – նշել է նա։
Նա հավելել է, որ Ուկրաինայում հիասթափված և մտահոգված են Էմիրությունների, Հնդկաստանի և Պակիստանի մտահոգությունից մի իրադարձության վերաբերյալ, որը իրականում տեղի չի ունեցել։
«Սա հատկապես զարմանալի է, հաշվի առնելով, որ երեք պետություններն էլ պաշտոնական հայտարարություններ չարեցին, երբ 2025 թվականի սեպտեմբերի 7-ին իրական ռուսական հրթիռը հարվածեց Ուկրաինայի կառավարության իրական շենքին»,- նշել է Սիբիգան։
Նա նաև կոչ է արել պետություններին՝ «զերծ մնալ չհաստատված մեղադրանքներին արձագանքելուց»։
Հիշեցնենք, որ երեկ ռուսական կողմը հայտնել է, որ Ուկրաինան գիշերը անօդաչու թռչող սարքերով փորձել է հարձակվել Նովգորոդի մարզում գտնվող՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա։