Մսուր -մանկապարտեզում հոգեբանի ներկայությամբ երեխան պատմել է, որ իրեն վնասվածքները հասցրել է մայրը
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի տեղեկացմամբ, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի մսուր -մանկապարտեզներից մեկում 5 տարեկան ավագ խումբ ընդունված տղա երեխայի նկատմամբ բռնություն է կատարվել։
Մսուր -մանկապարտեզ ժամանած ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է, նրանք երեխայի վրա ամբողջությամբ հայտնաբերվել են կապտուկներ, ականջը վնասված, աչքի տակ և կողքը կապտած և երեխան դաստիարակներին հայտնել է, որ տանը եղբայրը և մայրը պարբերաբար ծեծի են ենթարկում իրեն, իսկ մանկապարտեզի տնօրենին երեխայի մայրը հայտնել է, որ երեխան կմեծանա, կմոռանա։
Կայքի տեղեկացմամբ, արդեն մսուր -մանկապարտեզում հոգեբանի ներկայությամբ երեխան պատմել է, որ իրեն վնասվածքները հասցրել է մայրը։
Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողներին երեխայի տատիկն ասել է, որ երեխային ծեծի է ենթարկել մայրը։
Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեխայի 36-ամյա մայրը, Ս. Պ-ն ֆիզիկական ներգործություն և ֆիզիկական, հոգեկան տառապանք պատճառելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ ՔԿ-ի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններին քննչական բաժին։
Այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չեն հայտնում։