Մեր ազգային արժեքները «վերաձևավորման» կարիք չունեն․ «Մեր ձևով» – Armenia Today

«Մեր ձևով» ժողովրդական շարժումն անվտանգության ամրակի օրինակով ներկայացրել է իր մոտեցումն ազգային ինքնության վերաբերյալ՝ ընդգծելով, որ արժեքները պետք է ոչ թե վերաձևավորվեն, այլ ամրացվեն՝ ոչ թե էության, այլ միայն որակի փոփոխությամբ։

Շարժումը այս կերպ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ազգային արժեքներին առնչվող քաղաքականությանը՝ այն համադրելով անվտանգության ամրակի օրինակի հետ։

«Նայեք այս անվտանգության ամրակին։ Անցել է գրեթե 200 տարի, բայց այն տեսքով գրեթե չի փոխվել։ Ձևը մնացել է նույնը, իսկ որակը՝ բարելավվել է։ Ցավալի է, որ ոմանց պետք է հիշեցնել այս կարևոր դասը։ Մինչ մի պարզ անվտանգության ամրակ պահպանում է իր ձևը, Փաշինյանը փորձում է փոխել մեր ազգային ինքնությունը՝ փորձելով հեռացնել Արարատ լեռը մեր զինանշանից, փոխել պետական հիմնը և Ազգային ժողովից հանել Արցախի դրոշները։ Նա այս ամենն անվանում է «փոփոխություն», մենք՝ մեր ազգային ինքնության ճանապարհից շեղում»,- հայտարարել է շարժումը։

Շարժման հայտարարության մեջ հավելել են՝ «ինչպես այս ամրակը, այնպես էլ մեր ազգային արժեքները «վերաձևավորման» կարիք չունեն»։

«Արարատը, հիմնը և մեր դրոշները մեր հավերժական ձևն են։ Ուժեղ Հայաստան կառուցելու համար մենք չպետք է փոխենք մեր խորհրդանիշները, այլ ցանկացած մարտահրավերի առաջ պետք է ամրացնենք այն «նյութը», որից կազմված են մեր ազգային ինքնությունն ու դիմադրողականությունը։ Ազգային ինքնությունը չպետք է փոխել, այլ պետք է ամրացնել»,- եզրափակել է շարժումը։

«Մեր ձևով» շարժումն ստեղծվել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ: Հունիսին նա աջակցել էր Հայ առաքելական եկեղեցուն՝ իշխանությունների հարձակումների ֆոնին։ Բարերարին հունիսի 18-ին ձերբակալել էին իբր իշխանության զավթման կոչի մեղադրանքով և կալանավորել: Հուլիսի 14-ին գործարարը հայտարարել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մասին:

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը
«Մեր ձևով» շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովը

Leave a Comment