30 դեկտեմբերի 2025 – 12:28 AMT
PanARMENIAN.Net – Փախստականների ժամանակավոր պաշտպանության վկայականների օգտագործման ժամկետը պաշտոնապես երկարաձգվել է՝ վկայականները շարունակում են մնալ վավեր մինչև 2026-ի ավարտը։
ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի թիվ 1934-Ն որոշմամբ, ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս փոփոխության արդյունքում, ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձինք կարող են շարունակել օգտվել իրենց վկայականներից, եթե դրանց վրա չնշված է ժամկետ, սակայն առկա է QR կոդ։ Համակարգը ավտոմատ կերպով երկարաձգում է տվյալ քարտի գործողությունը մինչև նշված վերջնաժամկետը։
Ժամանակավոր պաշտպանության վկայականի առկայությունը պարտադիր պահանջ չէ մուտքի ուղղությամբ սահմանը հատելիս։ Սակայն, այն դեպքերում, երբ վկայական ստանալուց հետո անձնագրում կատարվել են փոփոխություններ՝ նոր փաստաթուղթ՝ կորուստի, ժամկետի ավարտի կամ վնասման պատճառով, անհրաժեշտ է համապատասխան դիմում ներկայացնել՝ նոր տվյալներով վկայական ստանալու համար, քանի որ վերջինս տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։
«Տեղեկացնում ենք նաև, որ սահմանահատումից առաջ հնարավոր է ստուգել քարտի QR կոդը և տեսնել վկայականի վավերականության ժամկետը»,- հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։