Նոր հորիզոններ հայկական լողի համար․ Լողի հայկական դաշնությունը և «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը մեկնարկում են ռազմավարական գործընկերություն։
Հայաստանում լողի և ջրային մարզաձևերի զարգացման համար բացվում է նոր հեռանկարներ։ Լողի հայկական դաշնությունը և Հայաստանի դեղագործական շուկայի առաջատար «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ-ն, պաշտոնապես ստորագրել են համագործակցության հուշագիր՝ միավորելով ուժերը սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի խթանման շուրջ։
Հուշագիրը ստորագրել են Լողի հայկական դաշնությունը նախագահ Հովսեփ Մեսրոպյանը և «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը։ Փաստաթուղթը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում համատեղ ծրագրերի իրականացում՝ ներառյալ տեխնիկական և ֆինանսական աջակցություն, մրցաշարերի կազմակերպում, արդիական մարզագույքի ձեռքբերում, ինչպես նաև հայ լողորդների մասնակցության խթանում միջազգային հեղինակավոր մրցաշարերում։
Համագործակցության շրջանակում «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ի բրենդը կներկայացվի Լողի հայկական դաշնության ենթակայության ներքո գործող կառույցներում և տեղեկատվական հարթակներում։ Ընկերությունը կընդգրկվի համատեղ իրականացվող նախաձեռնություններում՝ դառնալով խոշոր մրցաշարերի անբաժան գործընկեր և խորհրդանշելով բիզնեսի և սպորտի արդյունավետ սիներգիան։
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը նշեց, որ առողջ ապրելակերպի խթանումը ընկերության սոցիալական պատասխանատվության ռազմավարության առանցքային ուղղություններից է․
«Լողը հիմնարար օլիմպիական հիմնարար մարզաձևերից է, որը նպաստում է ոչ միայն ֆիզիկական առողջությանը, այլ նաև ձևավորում է կարևոր մարդկային արժեքներ՝ տոկունություն, կարգապահություն և առաջնորդություն»։
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը տարիներ շարունակ աջակցում է տարբեր մարզաձևերի զարգացմանը՝ ունենալով ֆուտզալի թիմ, ավելի քան հինգ տարի համագործակցելով Շախմատի ակադեմիայի հետ և աջակցելով մարզերում գործող մանկապատանեկան ֆուտբոլային թիմերին։ Պարոն Մացակյանը նաև կոչ արեց գործարար համայնքին ավելի ակտիվ ներգրավվել հայկական սպորտի զարգացման գործում։
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը, իր հերթին, կարևորեց այս համագործակցության նշանակությունը լողի ոլորտի կայուն զարգացման համար․
«Այս համագործակցությունը կարևոր քայլ է հայկական լողի համար։ Մասնավոր հատվածի ներգրավվածությունն ապահովում է ոչ միայն նյութական աջակցություն, այլ նաև երկարաժամկետ տեսլական, որն անհրաժեշտ է մրցունակ մարզիկներ պատրաստելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ներկայությունն ամրապնդելու համար»։
Նրա խոսքով՝ նման գործընկերությունները հնարավորություն են տալիս բարելավել մարզումների որակը, ընդլայնել մարզիկների հնարավորությունները և նոր սերնդի համար լողը դարձնել ավելի հասանելի և գրավիչ մարզաձև։
Այս նախաձեռնությունը ևս մեկ հաջողված օրինակ է, թե ինչպես կարող է պետական, մարզական և մասնավոր կառույցների համագործակցությունը նպաստել հայկական սպորտի առաջընթացին՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը թե՛ ներքին, թե՛ միջազգային հարթակներում։