29 դեկտեմբերի 2025 – 17:43 AMT
PanARMENIAN.Net – Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանin առնչվող քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։
Քրեական գործի նախաքննությամբ հայտնաբերվել են տվյալներ, համաձայն որոնց՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Հ.Պ.-ն (Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը` խմբ․), օգտագործելով իր պաշտոնական դիրքի բերումով ստացած ազդեցությունը, 2021 թվականին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ՝ Արագածոտնի թեմի առաջնորդարանում տեղի ունեցած հավաքի ընթացքում, հրահանգել է թեմում հոգևոր ծառայություն իրականացնող մի քանի հոգևորականների մասնակցել ընտրություններին՝ միաժամանակ կոչ անելով չքվեարկել որոշակի քաղաքական ուժի օգտին, հայտնում է Քննչական կոմիտեն։
«Բացի դրանից, քննությամբ պարզվել է, որ Հ.Պ.-ն՝ դիվանապետ Ա.Ա.-ի աջակցությամբ, որի դերը մասնավորապես կայացել է տեղեկատվություն տրամադրելու մեջ, այդ թվում՝ թեմի հոգևորականների համար նախատեսված «WhatsApp» հավելվածում ստեղծված խմբային հաղորդակցության միջոցով, գործածել է իր պաշտոնական լիազորություններից բխող ազդեցությունը՝ շանտաժի միջոցով հարկադրելով հոգևորականներին եկեղեցական հանդերձանքով մասնակցել նշված միջոցառումներին, պարտադրելով նաև՝ այդ մասնակցության մասին վկայող լուսանկարներ կատարել և ուղարկել նույն ինտերնետային հարթակում։
Նախաքննության արդյունքում Հ.Պ.-ի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը վերաբերում է ընտրական իրավունքի խախտումներին, ինչպես նաև 236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքներին մասնակցելու ազատության խոչընդոտման կամ հարկադրանքի համար։ Դիվանապետ Ա.Ա.-ի նկատմամբ կիրառվել է նույն հոդվածի 46-րդ հոդվածով նախատեսված օժանդակության դրույթը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Որպես խափանման միջոց Հ.Պ.-ի նկատմամբ ընտրվել է կալանավորումը, իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ տնային կալանքը։
Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։
Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։